Բարաք Օբաման և Անգելա Մերկելը քննարկելու են Ուկրաինայի հարցը

Your browser doesn’t support HTML5

«Նորմանդյան ձևաչափով» հանդիպման շուրջ վերջնական համաձայնություն դեռ չկա։

Մինսկի հանդիպումը` վերջին հո՞ւյս

Կիև-Մոսկվա-Վաշինգտոն. Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը անցած մի քանի օրում այցելել է այս մայրաքաղաքները Ուկրաինայի արևելքում մոլեգնող հակամարտությունը դադարեցնելու և Եվրոպայում էլ ավելի խոշոր բախում կանխելու համար։

Այսօր երեկոյան Մերկելը հանդիպում է Ամերիկայի նախագահ Բարաք Օբամային։ Վաշինգտոնից նա կմեկնի մեկ այլ մայրաքաղաք` Մինսկ, որը դարձել է ուկրաինական հակամարտության կարգավորման կենտրոն։

Մինսկում կարող է հանդիպեն Ռուսաստանի, Ուկրաինայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարները` Վլադիմիր Պուտինը, Պետրո Պորոշենկոն, Ֆրանսուա Օլանդն ու Մերկելը։ Կողմերն առայժմ վստահ չեն, որ հանդիպումը տեղի կունենա։

Վերլուծաբանների մի մասը ենթադրում է, որ փետրվարի 11-ին նախատեսված այսպես կոչված «նորմանդյան ձևաչափով» այդ հանդիպումը ռուս-ուկրաինական հակամարտությունը զսպելու վերջին հնարավորությունն է, քանի որ կողմերն իրար այլևս նոր բան հայտնել չեն կարող։

Ուկրաինան Արևմուտքից զենք է խնդրում

Բոլորը միմյանց կոչ են անում անհապաղ հրադադար հաստատել, սակայն ռուսները պնդում են, որ հարկ է սառեցնել այսօրվա դրությամբ հաստատված ռազմաճակատի գիծը։ Կիևն առարկում է, պահանջելով վերադառնալ 2014-ի սեպտեմբերի 5-ին Մինսկում կնքված պայմանագրին։

Ուկրաինան Արևմուտքից մարտական զենք է խնդրում, եվրոպացիները հապաղում են, ամերիկացիները նկատել են տալիս, որ արդեն կարելի է դիմել նաև այդ միջոցին։ Թերևս մարտական զենքի տրամադրման հարցն էլ լինի Օբամա-Մերկել հանդիպման հիմնական թեման։

Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջո Բայդենը փետրվարի 7-ին Մյունխենում անվտանգության 51-րդ միջազգային խորհրդաժողովում հայտարարել է, որ Ռուսաստանն զենք, զինամթերք և զինծառայողներ է ուղարկում Արևելյան Ուկրաինա, որտեղ Դոնբասի ռուս անջատականների առաջնորդները և մարզված վարձկանները հրահանգներ են ստանում անմիջապես Վլադիմիր Պուտինից։

Պուտինը պարզ ընտրության առջև

«Նախագահ Պուտինի առաջ այս պարզ ընտրությունն է` հեռանալ Ուկրաինայից կամ դիմակայել միջազգային էլ ավելի խորը մեկուսացմանն ու տնտեսական ավելի թանկ գին վճարել»,- ասել է Բայդենը։

Վլադիմիր Պուտինն իր հերթին ասել է, թե Մոսկվան պատասխանատվություն չի կրում ուկրաինական ճգնաժամի համար։ Եգիպտոս այցելելու նախօրեին «Ալ Ախրամ» պարբերականին տված հարցազրույցում նա պնդել է, որ ճգնաժամը ծագել է ի պատասխան իրենց սառը պատերազմում հաղթող համարող Ամերիկայի և արևմտյան այլ երկրների գործողությունների, որոնց նպատակն է կամքը թելադրել ամբողջ աշխարհին։

Պուտինի խոսքերով, իրավիճակը կայունացնելու համար Ուկրաինան պարտավոր է «անհապաղ դադարեցնել փակուղի մտած պատժիչ օպերացիան Ուկրաինայի հարավ-արևելքում»։

Ուկրաինայի զինված ուժերի խոսնակ Անդրի Լիսենկոն ասել է, որ անցած 48 ժամում առնվազն 1500 ռուսաստանցի զինծառայող է հատել ռուս-ուկրաինական սահմանը։ Նրա խոսքերով, այսօրվա դրությամբ Ուկրաինայի տարածքում ռուս անջատական մարտիկների կողքին կռվում է մոտ 10-ը հազար ռուսաստանցի զինծառայող։

Լիսենկոն ասել է, որ Ռուսաստանից Ուկրաինա է փոխադրվել մոտ 300 միավոր զենք, այդ թվում ԳՐԱԴ կայանքներ, 170 միավոր մեքենաներ, այդ թվում բեռնատարներ, վառելիք փոխադրող մեքենաներ և ռազմական այլ տեխնիկա։ Ռուսական կողմը համառորեն հերքում է ռուս անջատականներին աջակցելու իրողությունը։

Նոր պատժամիջոցների որոշումը համաձայնեցվել է

Մինչդեռ Եվրամիությունն արդեն համաձայնեցրել է այսպես կոչված «սև ցուցակը» ընդարձակելու որոշումը։ Դրա համաձայն, պատժամիջոցների ենթարկվողների ցանկում կընդգրկվի Ռուսաստանի 5 բարձրաստիճան պաշտոնյա, Դոնբասի 19 անջատական և 8 ընկերություն, որոնցից մեկը ռուսական է։

Որոշումն ընդունված է, սակայն կիրառումը հետաձգված է մինչև փետրվարի 16-ը, քանի որ Բրյուսելը դեռ հավատում է, որ փետրվարի 11-ին Մինսկում կողմերը գուցե և կկարողանան հարատև հրադադար կնքել։ Այդ մասին այսօր Բրյուսելում ասել է Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը։

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Համոնդի փոխանցմամբ, Եվրոպան պետք է միասնական մնա Ռուսաստանի ագրեսիային հակազդելու հարցում։

«Մենք գոհ ենք, որ բանակցությունները շարունակվում են, սակայն քանի դեռ Ռուսաստանի գործնականում դուրս չի հանում զորքը, չի դադարեցնում զենքի փոխադրումը, մենք չենք կարող թուլացնել ճնշումը, մենք այն պետք է պահպանենք այնքան, մինչև չտեսնենք, որ խոսքն ապացուցվում է գործով»,- ասել է Համոնդը։

ՄԱԿ-ի տվյալներով, Ուկրաինայի հարավ-արևելքում անցած տարվա ապրիլից մեկնարկած մարտական գործողություններում սպանվել է ավելի քան 5350 մարդ։