Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց ԵԱՀԿ գործող նախագահին

Փետրվարի 6-ին Մյունխենում մեկնարկել է անվտանգության հարցերով 51-րդ համաժողովը, որին մասնակցում են տասնյակ պետությունների և կառավարությունների ղեկավարներ, արտաքին գործերի նախարարներ, պաշտպանության նախարարներ, խոշոր կորպորացիաների և հետազոտական կենտրոնների նախագահներ։

Համաժողովի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ։

ԱԳՆ մամուլի ծառայության հրապարակած հաղորդագրության համաձայն, հանդիպմանը հանգամանալից քննարկվել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները։ Զրուցակիցները անդրադարձել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շարունակական ջանքերին՝ հիմնահարցի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ։

Էդվարդ Նալբանդյանն ու Լամբերտո Զանիերը անհանգստություն են հայտնել՝ վերջերս իրավիճակի սրման կապակցությամբ, և ընդգծել տարածաշրջանում լարվածության նվազեցմանն ուղղված քայլերի կարևորությունը։

Էդվարդ Նալբանդյանն ու Լամբերտո Զանիերը անդրադարձել են ԵԱՀԿ գործունեության տարբեր ուղղություններին առնչվող հարցերի, մասնավորապես՝ Երևանում ԵԱՀԿ գրասենյակի գործունեությանը և նրա կողմից իրականացվող ծրագրերին։