«Ռազմական ինստիտուտում օրենքի գերակայություն հաստատել չի ստացվի»

Your browser doesn’t support HTML5

Պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, մինչդեռ այսօր կրկին պնդեց, որ ռազմական ինստիտուտում ղեկավար կազմի լուրջ փոփոխություններ են սպասվում։

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյանն այսօր նշանակվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ:

Մեկ շաբաթ առաջ այստեղ սպանվել էր կուրսանտ Հայկազ Բարսեղյանը: Սպանության համար ինստիտուտի 4 կուրսանտներ կալանավորվեցին, պետ Մարտին Կարապետյանն էլ հրաժարական ներկայացրեց:

Արմեն Ղահրամանյանը Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարի տեղակալն էր, ղարաբաղյան պատերազմի մասնակից: Վերջինիս, սակայն, հիշում են նաև այլ աղմկահարույց պատմություններում. մամուլի հրապարակումների համաձայն, երեք տարի առաջ Լեռնային Ղարաբաղի նախագահական ընտրությունների ժամանակ գեներալ-մայոր Ղահրամանյանը ծեծել է ընդդիմադիր թեկնածու Վիտալի Բալասանյանի վստահված անձ Արսեն Գրիգորյանին: Այս մասին «Ազատության»-ը պատմեց այդ ժամանակ ընդդիմադիր թեկնածուի հանրային կապերի պատասխանատու Հայկ Խանումյանը։

«Գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյանը բռնություն էր գործադրել Բալասանյանի վստահված անձի նկատմամբ, և, կարծեմ, թե շտաբի հաղորդագրությունն էլ եղավ Բալասանյանի կապակցությամբ, և ինչ-որ նախաքննություն գնաց», - ասաց Խանումյանը։

Նա դժվարացավ ասել՝ այս նոր նշանակումն արդյո՞ք այն բարեփոխումներից է, որի մասին խոսում էր պաշտպանության նախարարը, այդուհանդերձ՝ հստակեցրեց՝ կարգապահության հետ կապված խնդիրները ռազմական ինստիտուտում գուցե լուծվեն, սակայն «ինստիտուտում օրենքի գերակայություն հաստատել չի ստացվի»:

«Բավականին շատ խոսակցություններ կան, որ ռազմական ինստիտուտում կիսագողական բարքեր են տիրում և այլն, կարծում եմ, Ղահրամանյանը ի վիճակ է այդ բարքերից խուսափելու, բայց այն, որ լինելու է իշխանության կամակատարը և հանուն դրա պատրաստ է նաև օրենքներ խախտել, վստահ եմ, որ այդպես է լինելու», - ասաց Խանումյանը։

Ինչ վերաբերում է ռազմական իստիտուտի արդեն նախկին պետ Մարտին Կարապետյանին, ապա Կենտրոնական զինվորական դատախազության դատախազ Արթուր Անտոնյանը վստահեցրեց՝ աշխատանքից ազատվելը դեռ չի նշանակում, որ նա հանցագործության հետ կապ ունի:

«Բոլորս գիտենք, որ յուրաքանչյուր թերացում չէ, որ պատճառահետևանքային կապի մեջ է գտնվում հանցագործության հետ։ Յուրաքանչյուր թերացում, լիզորություների անցում, չարաշահում, որն անմիջապես քրեաիրավական իմաստով պատճառահետևանքային կապի մեջ կգտնվի մահվան ելքի հետ, ապա միանշանակ նման անձինք ենթարկվելու են քրեական պատասխանատվության», - ասաց Անտոնյանը։

Ռազամական այս ինստիտուտում ղեկավար կազմի լուրջ փոփոխություններ են սպասվում, այսօր ևս մեկ անգամ ընդգծեց Պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Նա թեպետ ընդունեց, որ ռազմական իստիտուտում տեղի ունեցած դեպքից հետո դժվար է դրական ցուցանիշների մասին խոսել, այդուհանդերձ փաստեց՝ ըստ պաշտոնական թվերի, անցած տարվա դրությամբ 60 տոկոսով նվազել է խաղաղ պայմաններում բանակում զոհերի թիվը:

«Ձեռքբերումներ կա, բայց այդ ձեռքբերումները մեզ չեն գոհացնում, և պաշտպանության նախարարը բազմիցս հայտարարել է, որ մենք պետք է հասնենք Ազգային բանակի կերպարին, որտեղ որևէ մարդ մյուսի նկատմամբ որևէ գործողություն, բռի գործողություն չի իրականացնի», - ասաց Հովհաննիսյանը։

Այդուհանդերձ այսօր զինվորական հաստատություններում տիրող մթնոլորը շարունակում է մտահոգել իրավապաշտպաններին: Արթուր Սաքունցի խոսքով, բոլոր ջանքերը կարճաժամկետ են, քանի դեռ չի վերացվել արմատացած համակարգային կորուպցիան:

Սաքունցը նշեց՝ երկու տարի առաջ նույն ռազմական հաստատությունում սպանության ևս մեկ դեպք եղավ, տնօրենն այն ժամանակ էլ ազատման դիմում ներկայացրեց, որը սակայն, չընդունվեց, գուցե՞ այդ մարդը դեռ այն ժամանակ գիտեր, որ անլուծելի խնդիր կա այստեղ։

«Կարող է եղել է այնպիսի հանգամանքներ, որ այդ մարդն ի վիճակի չի եղել լուծելու, և ասել է ինձ ազատեք, բայց ասել են չէ դու պետք է մնաս, և եթե մնացել է, արդյո՞ք, ապահովել են այնպիսի անհրաժեշտ հանգամանքեր, որպեսզի մարդը կարողանա լիարժեք ղեկավարի, սրանք ավելի լուրջ խնդիրներ են», - ասաց Սաքունցը։