ՊՆ խոսնակ․ «Այս պահին սահմանին կա դանդաղ պատերազմ»

Your browser doesn’t support HTML5

Եվ հայկական, և ադրբեջանական պաշտոնական աղբյուրները հաղորդում են զոհերի մասին:

1 օրում երկու զոհ և գնդակոծված 20 համայնքներ. այս պահին սահմանին կա դանդաղ պատերազմ, պատասխանելով «Ազատության» հարցին, այսօր հայտարարեց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ հերքելով պնդումները, թե պարտվում ենք այդ պատերազմում

«Հասարակական ընկալումների մեջ զոհը պարտություն եք ընկալում, սա պարտություն չի: Եթե մի օր պարտվենք, մենք ոչ թե զոհ կունենանք, այլ դիրքեր կկորցնենք, իսկ էդ դիրքերը ոչ թե ինչ-որ հենակետ, այլ ծանր բաներ են», - ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Անցած գիշեր հակառակորդը տարբեր տրամաչափի զինատեսակներից ու ականանետերից ինտենսիվ կրակ է վարել սահմանամերձ բոլոր համայնքների ուղղությամբ։ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում իր տան բակում, այդ կրակոցներից երեկ զոհվել է 60-ամյա Վանիկ Ղուկասյանը։

Արծրուն Հովհաննիսյանի խոսքով, հայկական զինուժը պատասխան կրակ է բացել. - «Եթե ամեն օր իրանց խախտումներին, իրանց ոտնձգություններին պատասխան չտանք, ապա կսկսենք պատերազմում պարտություններ կրել։ Բայց մենք, ի տարբերություն իրենց, քաղաքացիական բնակիչների հետ կռիվ չունենք անելու, մենք լավ գիտենք, մեր հակառակորդը խրամատներում նստած զինվորն է», - ասաց ՊՆ մամուլի խոսնակը։

Երեկ տեղեկություն հաղորդվեց նաև Լեռնային Ղարաբաղում զոհված 24-ամյա զինծառայողի մասին։ Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավար Դավիթ Բաբայանի խոսքով, հայկական կողմը դիմել է պատժիչ գործողությունների, զոհված զինծառայողն էլ նախագահ Բակո Սահակյանի կողմից հետմահու պարգևատրվել է մարտական ծառայության մեդալով։

«Պատժիչ գործողությունները տարբեր տիպի գործողություններ են: Ասեմ որ, թշնամին ունի բավականին մեծ կորուստներ, ընդհանրապես միշտ էլ մեծ են լինում կորուստները, որի մասին չի հաղորդվում, ինչը ունի և՛ քաղաքական ենթատեքստ, և՛ անձնական», - «Ազատության» հետ զրույցում ասաց Դավիթ Բաբայանը։

Տարեսկզբից արդեն հայկական կողմը 12 զոհ ունի։ Ադրբեջանական զոհերի մասին հստակ տեղեկություններ չկան։ APA լրատվական գործակալությունը, վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրությունը, տեղեկացնում է, որ երեկ երեկոյան փոխհրաձգության ժամանակ մահացել է զինծառայող Ֆարիդ Աղաևը։ Վայրը, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, չի նշվում: Բացի այդ, այսօր ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդեցին, որ Ադրբեջանի Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղում ձեռքի հրազենային վնասվածք է ստացել տեղի բնակչուհի Խաթիրա Ալիևան: Ադրբեջանական աղբյուրների պնդմամբ՝ կինը վիրավորվել է հայկական Զինված ուժերի կողմից գյուղի գնդակոծության հետևանքով:

Ըստ նույն աղբյուրի, Ադրբեջանի պաշտպանության նախարարության խոսնակը, արձագանքելով Արծրուն Հովհաննիսյանի հայտարարությանը, թե «այս պահին սահմանին դանդաղ պատերազմ է», ասել է. - «Իրականում վերջին 20 տարիներին պատերազմը չէր էլ դադարել, այն սկսվեց, երբ հայերը ագրեսիա իրականացրին Ադրբեջանի դեմ։ Եվ այժմ, պատերազմի դադարեցման միակ ուղին Ադրբեջանի օկուպացված տարածքների ազատագրումն ու այդ տարածքներից հայկական օկուպացիոն ուժերի անվերապահ դուրս բերումն է»։

Հայաստանի արտգործնախարար էդվարդ Նալբանդյանը երեկ Մյունխենում հանդիպել է Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ։ Հայկական կողմի պաշտոնական հաղորդգարության համաձայն, արտգործնախարարը միջնորդների ուշադրությունն է հրավիրել Հայաստանի հետ սահմանին և շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումների և դիվերսիոն գործունեության բազմապատկման վրա։

Ամերկիացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, հաջող որակելով հանդիպումը, Թվիթերում գրել է, թե «միջնորդական խումբը ողջունում է հակամարտության գոտում լարվածությունը նվազեցնելու Նալբանդյանի հավատարմությունը»։