«Մի իրավիճակ է ստեղծվել երկրում, որ այլևս երկրորդ շանսի հնարավորություն չեմ տեսնում: Մենք այլևս հետ նահանջի ճանապարհ չունենք», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Նրա խոսքով՝ հասարակությունը բավականին արմատական է տրամադրված, և եթե կարճ ժամանակահատվածում քայլեր չձեռնարկվեն, հասարակական հիասթափությունը անխուսափելի է լինելու:
«Հուսով եմ, որ մենք եռյակ պլյուս ձևաչափով կմասնակցենք՝ երեք ընդդիմադիր ուժեր գումարած տարբեր արտախորհրդարանական քաղաքական ուժեր, հասարակական կազմակերպություններ, անհատ գործիչներ», - պատասխանելով հավանական հանրահավաքներ անցկացնելու մասին հարցին՝ երեկ «Ազատության» եթերում ասաց «Ժառանգության» փոխնախագահը, հավելելով, թե հենց այս ամիս հանրահավաքներ, գոնե՝ մարզային, պետք է որ լինեն:
Արմեն Մարտիրոսյանը համաձայնեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ, ով երեկ հրավիրած խորհրդաժողովի ժամանակ հայտարարեց, թե գնդակը իշխանությունների դաշտում է:
«Մենք հիմա ինչ-որ իրավիճակում ենք, որ իրենք անընդհատ իրենց գոլ են խփում, բայց հայտարարում են, որ մրցակցի դարպասին են խփել: Թվում է, թե ներքին պրոցեսներում իրենք հաղթող են դուրս գալիս, բայց խոշոր հաշվով վերցրած՝ պետությունը ամենախայտառակ ձևով պարտվում է: Այն աստիճան են պարտվում, որ իրենց կուսակցության ղեկավարը, որը այս պահին դե ֆակտո երկրի ղեկավարն է, մեկ շաբաթ չի կարողանում նույնիսկ ցավակցական խոսք ասել՝ Գյումրիում, ըստ էության, ահաբեկչության առիթով», - ասաց ընդդիմադիր գործիչը՝ շարունակելով․ - «Չեմ խոսում անգամ սուգ հայտարարելու մասին՝ ես պարզ ցավակցական խոսքի մասին եմ ասում: Հիմա ասում են՝ ինքը անդրադարձել է ինչ-որ քննարկման ժամանակ, բայց նախագահի խոսքը լինում է ուղերձ, ցավակցական ուղերձ՝ առանձին, իսկ այդպիսի ուղերձ չի եղել, նույնիսկ ես չեմ լսել որևէ լրատվամիջոցում, որ նախագահն ինչ-որ քննարկման ժամանակ ցավակցական խոսք է ասել»:
Արմեն Մարտիրոսյանը շեշտեց, որ գրեթե 20 օր է անցել, բայց մինչ օրս նախագահի շուրթերից Գյումրիի ողբերգության հետ կապված որևէ մեկնաբանություն չենք լսել:
Մարտիրոսյանի կարծիքով՝ ակնհայտ է, որ այն իրավիճակը, որ կա Հայաստանի ներսում՝ ազատամարտիկների նկատմամբ բռնությունից մինչև Սուրիկ Խաչատրյանին նորից մարզպետ նշանակել, գումարած դրան՝ արտաքին դաշտում այլևս սուբյեկտայնությունից զրկելը Հայաստանին՝ իշխանությունների ակտիվ ջանքերի շնորհիվ, երկիրը ուղղակի բերում են կոլապսի: