Պաշտոնաթող նախագահի մասին օրենսդրությունում փոփոխություններ են առաջարկվում

Հայաստանի նախագահի նստավայրը Երևանում

Հայաստանի կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին, որով, մասնավորապես, առաջարկվում է պաշտոնաթողությունից հետո Հայաստանի նախագահի համար, բացառությամբ այն դեպքերի, երբ նա պաշտոնանկ է արվում, նշանակել հատուկ կենսաթոշակ՝ նախագահի՝ օրենքով սահմանված աշխատավարձի 80 տոկոսի չափով:

Օրինագծով նաև առաջարկվում է պաշտոնաթող նախագահի կահավորված գրասենյակը նրան տրամադրել ցմահ օգտագործման իրավունքով: Մինչ այդ պաշտոնաթող նախագահին գրասենյակ տրամադրվում էր մինչև նրա 70 տարին լրանալը:

Նշենք, որ հունվարի 9-ին առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը դարձավ 70 տարեկան:

Նախագիծը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով:

Հովհաննես Շողիկյան