Բերման են ենթարկվել «Հիմնադիր խորհրդարանի» երկու անդամներ

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյան, արխիվ

Այսօր առավոտյան բերման են ենթարկվել «Հիմնադիր խորհրդարանի» անդամներ Գևորգ Սաֆարյանը և Հայկ Գրիգորյանը։ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից «Ազատության»-ը փոխանցեցին, որ նաև ոստիկանության տուգանային հրապարակ է տեղափոխվել երեք մեքենա։

Նշենք, որ այսօր «Հիմնադիր խորհրդարան»-ը Երևանի Հանրապետության հրապարակում բացօթյա ասուլիս է հրավիրել՝ հունվարի 31-ին Բերձորում տեղի ունեցած դեպքերի թեմայով։

Վաղ առավոտյան նախաձեռնության անդամները ցանկացել են մեքենաները կայանել Վազգեն Սարգսյան փողոցի ավտոկայանատեղիում, բայց ոստիկանությունը հորդորել է դուրս բերել մեքենաները՝ պատճառաբանելով, որ արարողակարգային միջոցառումով մեքենաների շարասյուն պետք է անցնի այդ հատվածով։ Հրամանին չենթարկվելուց հետո, ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկել մեքենաները տարածքից հեռացնելու համար։

«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Սյուզաննա Սիմոնյանը «Ազատության» հետ զրույցում ասաց. - «Ինձ արդեն գիշերը տեղեկացրին, որ ոստիկանությունը իր աշխատակիցներին հրահանգել է իրենց մեքենաները տանել և կայանել այդ հրապարակին կից կայանատեղիում, որպեսզի մեր մեքենաների համար այնտեղ կայանման տեղ չլինի»։

Սյուզաննա Սիմոնյանը նաև որոշ մանրամասներ ներկայացրեց Գևորգ Սաֆարյանին բերման ենթարկելու մասին. - «Բերման ենթարկելիս ոստիկանական մեքենայում Գևորգ Սաֆարյանը ծեծի է ենթարկվել այժմ նա գտնվում է Կենտրոնի ոստիկանկան բաժնում»։

Ավելի ուշ, «Հիմնադիր խորհրդարան»-ը հաղորդագրություն տարածեց, որում, մասնավորապես, ասված է. - «Ոստիկանությունը ամեն գնով փորձում է խափանել Հանրապետության հրապարակում այսօր նախատեսված բացօթյա ասուլիսը, որը նախատեսվում է անցկացնել հունվարի 31-ին տուժածների մասնակցությամբ և վնասված ավտոմեքենաների ցուցադրությամբ: Գիշերվա ընթացքում ոստիկանությունը նախապես զբաղեցրել է ասուլիսի հայտարարված վայրում՝ Հանրապետության հրապարակի տարածքում գտնվող ավտոմեքենաների կայանտեղին, իսկ այս պահին թույլ չի տալիս, որ վնասված ավտոմեքենաները կայանեն ասուլիսի համար նախատեսված այլընտրանքային տարածքում՝ Կենտրոնական բանկի դիմաց: Տեղեկացնում ենք, որ անկախ ոստիկանության գործողություններից, ասուլիսը տեղի կունենա»:

Սիսակ Գաբրիելյան

Մանրամասները՝ ավելի ուշ: