Կոստանյանը նախագահի հետ համաձայնեցրել է ռուս գործընկերոջն ուղղված նամակը

Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանով, արխիվ

Շարմազանովի խոսքով, չի կարելի «Գյումրիի ցավալի դեպքը փորձել կապել հայ - ռուսական բարեկամական հարաբերությունների հետ»։

Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը նախագահ Սերժ Սարգսյանի հետ համաձայնեցրել է ռուսաստանցի գործընկերոջն ուղղված նամակը, որով նա միջնորդել է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործի վարույթը փոխանցել հայ իրավապահներին։

«Ազատության» հարցին՝ արդյոք նախագահը տեղյա՞կ է եղել դատախազի քայլին, իշխող Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը զարմացած պատասխանեց. - «Ինչպե՞ս կարող է պետության առաջնորդը տեղյակ չլինել գլխավոր դատախազի իրականացրած քայլերից»։

Հարցերին՝ եթե գլխավոր դատախազի նամակը քննարկվել կամ համաձայնեցվել է Սերժ Սարգսյանի հետ, ապա ռուսական կողմի մերժումը չի՞ նշանակի արդյոք, որ մերժվում է նաև նախագահը, և դա քաղաքական հետևանքներ չի՞ առաջացնի, Շարմազանովը պատասխանեց. - «Գյումրիի ցավալի դեպքը, Գյումրիի ողբերգությունը փորձել կապել հայ - ռուսական բարեկամական հարաբերությունների հետ չի կարելի»։

Հանրապետականի խոսնակը խորհուրդ տվեց չքաղաքականացնել նաև Բերձորում «Հիմնադիր խորհրդարանի» ավտոերթի դեմ կատարված բռնությունը։ Շարմազանովի համար անհասկանալի է, թե ինչո՞ւ էր հայաստանյան իշխանությունների դեմ պայքարող շարժումը ճանապարհ բռնել դեպի Լեռնային Ղարաբաղ։

«Եթե մարդիկ տեղյակ չեն, ևս մեկ անգամ տեղեկացնում եմ՝ Արցախը դե ֆակտո անկախ հանրապետություն է՝ իր ընտրված նախագահով, ընտրված Ազգային ժողովով, իր Սահմանադրությամբ, և հայաստանյան խնդիրներին ներքաշել Արցախը, մեղմ ասած, ճիշտ չէ», - հայտարարեց Հայաստանի իշխող կուսակցության խոսնակը։

«Որևէ մեկն իրավունք չունի ներհայաստանյան խնդիրները տանել դեպի Արցախ», - նշեց Շարմազանովը, հավելելով՝ տեղի ունեցածը տհաճ է և անթույլատրելի։

Կատարվածի մեջ մեղավորներ գտնելու հարցում Հանրապետականի խոսնակը վստահում է Լեռնային Ղարաբաղի իրավապահներին։

«Արցախի Հանրապետության ոստիկանությունը տարածել է հայտարարություն, և այնտեղ ամեն ինչ ասված է, և բոլոր այն կարծիքները, այստեղ քաղաքական գործիչների հայտարարությունները՝ Արցախից նա հրաժարական տա, մյուս պաշտոնյան հրաժարական տա, կամ այս բարձրաստիճան պաշտոնյան հրաժարական տա՝ ընդհուպ մինչև Արցախի նախագահ, դրանք ծիծաղելի, անհեթեթ, անլուրջ հայտարարություններ են», - ասաց Էդուարդ Շարմազանովը։