Վրաստանի ԱԳ նախարար Թամար Բերուչաշվիլին աշխատանքային առաջին այցով ԱՄՆ-ում է

Վրաստանի ԱԳ նախարար Թամար Բերուչաշվիլի

Վրաստանի արտգործնախարար Թամար Բերուչաշվիլին աշխատանքային առաջին այցով ԱՄՆ-ում է։

Մեկշաբաթյա այցի շրջանակում Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպումներ է ունեցել Միացյալ Նահանգների օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև հանդես եկել Ատլանտյան խորհրդի կոնֆերանսում:

«Ամերիկայի Ձայն»-ի վրացական ծառայությանը տված հարցազրույցում Բերուչաշվիլին խոսել է ռուս - ուկրաինական հակամարտության վերաբերյալ՝ մասնավորապես հայտարարելով․ - «Պետք է ասել, որ սա ընդհանուր հաշվով մեկ ամբողջական խնդրի տարբեր կողմեր են, ամեն ինչ սկսվեց ռուս - վրացական բախմամբ դեռևս 2008-ին, ցավոք, սա Ռուսաստանի իշխանությունների որդեգրած ներկայիս ռազմավարությունն է»:

Հարցին՝ արդյոք Վրաստանում ՆԱՏՕ-ի մարզական կենտրոնի բացումը դրակա՞ն, թե՞ բացասական կանդրադառնա ռուս - վրացական հարաբերությունների վրա, Բերուչաշվիլին պատասխանել է․ - «Վրաստանում ՆԱՏՕ-ի մարզական կենտրոնի բացումը ՆԱՏՕ-ի՝ Վրաստանում իրականացվող ծրագրի մաս է, նախագծի մանրամասները այժմ քննարկման գործընթացում են։ Վրաստանի համար սա մեծ քայլ է դեպի ՆԱՏՕ»։

Արտգործնախարարը շեշտել է, որ այս նախագիծը չի կարող դիտարկվել ընդդեմ որևէ երկրի, հակառակը՝ այն կերաշխավորի տարածաշրջանի կայունությունը։

Վրաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի այցը ԱՄՆ կավարտվի փետրվարի 4-ին։