Բերձորում տեղի ունեցած միջադեպի հարցով Ազգային ժողովի պատգամավորները համակարծիք չեն։ Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության անկուսակցական պատգամավոր, Երկրապահ կամավորականների միության նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանի կարծիքով, եթե ավտոերթի մասնակիցները սովորական մարդիկ լինեին, ապա նրանց կթողնեին մուտք գործել Ղարաբաղ։
«Քաղաքացիներին չեն կարող չթողնել Ղարաբաղ, կարող է մուտիլովչիկներին չթողնեն, բայց քաղաքացիներին թողնում են», - ասաց Գրիգորյանը։
Գեներալի կարծիքը, սակայն, Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը չկիսեց։ Սահակյանն ասաց, որ մի քանի զանգ է կատարել Ղարաբաղ և տեղեկացել, որ Դատախազությունը զբաղվում է տեղի ունեցածով։ Իր կարծիքով պատերազմող երկրում քաղաքական ակցիա իրականացնելն անթույլատրելի է։
«Զրուցել եմ և՛ Ազգային ժողովի նախագահի հետ, և՛ Լեռնային Ղարաբաղի նախագահի հետ», - ասաց Սահակյանը։
Սահակյանը այդպես էլ չասաց, դատապարտում է արդյո՞ք տեղի ունեցածը, թե ոչ, միայն հայտարարեց, որ ընդհանրապես բռնությունը դատապարտում է, բայց տեղում չի եղել և չի կարող ասել, թե ինչ է կատարվել Բերձորում։
Միջադեպը այսօր Ազգային ժողովի ուշադրության կենտրում հայտնվեց նիստի սկզբում, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Գալուստ Սահակյանին առաջարկեց պատգամավորական խումբ ստեղծել և ուղարկել Ստեփանակերտ՝ միջադեպի հարցով քննարկումների։
«Ես կարծում եմ, որ այստեղ կան բացասական հետևանքների ռիսկեր ինչպես ներհայկական, այնպես էլ միջազգային տիրույթում», - ասաց Փաշինյանը:
Սահակյանն ասաց, որ կվերլուծի ինֆորմացիան և կարձագանքի։
Միջադեպին անդրադարձավ նաև Ազգային ժողովի Հանրապետական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը։ Նա, դատապարտելով տեղի ունեցածն, ասաց, որ պետք է տեսնել նաև խնդրի երկրորդ կողմը. - «Ռեժիմի դեմ բոլոր պայքարել ցանկացողները դա կարող են անել և պետք է անեն Հայաստանի Հանրապետության տարածքում։ Լեռնային Ղարաբաղն ի՞նչ կապ ունի 100-րդ տարելիցն առանց ռեժիմի դիմավորելու հետ։ Սա անբարոյականություն է, և դրա մասին մենք բոլորս պետք է նաև բարձրաձայն խոսենք»։
Դաշնակցությունից Արմեն Ռուստամյանը, դատապարտելով տեղի ունեցածը, ասաց, որ երթի մասնակիցները տուժողներ են, իսկ ոստիկանությունն անհամաչափ ուժ է կիրառել երթի մասնակիցների նկատմամբ։
«Ճիշտը կլիներ այն, ինչպես դա վայել է անկախ պետությանը. կանգնեցնեին սահմանի վրա, ասեին, որ մենք ձեզ թույլ չենք տալիս մտնել Ղարաբաղ, որովհետև դուք նպատակ ունեք քաղաքական գործունեություն իրականացնել առանց մեր համաձայնությունը ունենալու։ Ցանկացած նորմալ անկախ պետություն այդպես կվարվեր», - ասաց Ռուստամյանը։
Նրա խոսքով, անընդունելի են նաև «Հիմնադիր խորհրդարան»-ի կողմից Ցեղասպանության 100-ամյակը քաղաքական գործունեության հետ կապելու փորձը։
100-ամյակը քաղաքականացնելուն դեմ են նաև Հանրապետական խմբակցությունում, բայց ի տարբերության Դաշնակցության, Հանրապետականի ղեկավար Վահրամ Բաղդասարյանը միջադեպը չդատապարտեց, ասաց, որ սպասում է պարզաբանումների։ Բաղդասարյանը չցանկացավ գնահատականներ տալ նաև ուժայինների գործողություններին։
«Ազատության» հարցին, թե արդյո՞ք տեսանյութը չի դիտել, Բաղդասարյանն ասաց, որ դրանք տարբեր են, ինքը ուրիշ տեսանյութեր է դիտել, քիչ անց էլ խոստովանեց, որ չի դիտել։
Օրվա ընթացքում ԱԺ նախագահը իր մոտ էր հրավիրել խմբակցությունների ղեկավարներին։ Քննարկումից հետո Գալուստ Սահակյանը ասաց, որ ամեն խմբակցությունից մեկ ներկայացուցիչ կընտրվի և խումբը կուղևորվի Ղարաբաղ դեպքի մանրամասները պարզելու համար։
«Այնտեղ իրենք ընդունելություն կունենան, և հնարավոր կլինի նաև այն ինֆորմացին, որի պակասը զգում են այսպես ամփոփել», - հայտարարեց Սահակյանը։
Հիշեցնենք՝ հունվարի 31-ին «Հիմնադիր խորհրդարան»-ը հայտարարեց, որ դեպի Լեռնային Ղարաբաղ մեկնող ավտոերթի մասնակիցների վրա Բերձորի մոտ ոստիկանական մեքենաներով անհայտ անձինք են հարձակվել, ծեծի են ենթարկել նրանց, ջարդել մեքենաների ապակիները, պոկել դրոշները: