Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դիմել է Լեռնային Ղարաբաղի իր գործընկերոջը՝ Յուրի Հայրապետյանին, խնդրելով միջոցներ ձեռնարկել «Հիմնադիր խորհրդարանի» և Ղարաբաղի ոստիկանության միջև տեղի ունեցած միջադեպի մանրամասները ուսումնասիրելու և քաղաքացիների խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ:
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն էական առաջընթաց է արձանագրել ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցում իր անկախացումից ի վեր: Հետևաբար, լիահույս ենք, որ միջադեպի մասնակից քաղաքացիների դիմումներն ու բողոքները՝ ուղղված համապատասխան պետական կառույցներին, կստանան պատշաճ ընթացք և կունենան դրական արդյունք», - գրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը:
Անդրեասյանի խոսքով՝ հաշվի առնելով այն, որ միջադեպը տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի տարածքում, Հայաստանի օմբուդսմենը չունի որևէ իրավազորություն՝ միջամտելու դեպքի քննությանը: Այդուհանդերձ, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը իր գրությունում, որը տեղադրված է օմբուդսմենի պաշտոնական կայքէջում, պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտության դեպքում ամեն կերպ աջակցել խնդրի լուծմանը: