Զենքերի սև շուկայի դեմ պայքարը արդյունավետ կդարձնի ահաբեկչության դեմ պայքարը

Իրավապահները փորձում են պարզել, թե ինչպես է Փարիզում և Բելգիայում ահաբեկչական հարձակման կազմակերպիչներին հաջողվել հայթայթել ռազմական զինամթերք, որը անօրինական է Եվրոպական միությունում։

«Շառլի Էբդո» երգիծական պարբերականի վրա ահաբեկչական հարձակման ժամանակ օգտագործվել էր Ֆրանսիայում արգելված ռազմական զենք։ Հետաքննությունը պարզեց, որ այս զենքն արտադրվել է Բոսնիայում։ Բոսնիայի պաշտպանության փոխնախարարը հայտարարել էր, որ երկրում որոշ ռազմական պահեստներ թալանվել են։

Նա հայտարարել էր, որ այս զենքը արտադրվել է 1986-ին, և որ Բոսնիայի պաշտպանության նախարարությունը չի կրում Բոսնիայից դուրս իրագործված հանցագործությունների պատասխանատվություն։ Փորձագետները պնդում են, որ զենքերի սև շուկա մուտք գործելու գլխավոր եղանակներից է պետական ռազմական պահեստների թալանումը։ Մոտավոր հաշվարկներով սև շուկայում այժմ շրջանառության մեջ է 100- 500 միլիոն ռազմական զինամթերք։

Ըստ Small Arms Survey հետազոտական ծրագրի փորձագետ Մաթ Շրոդըրի, այս զենքերը սև շուկայում հայտնվել են նախկին խորհրդային երկրներից։ Խորհրդային միության անկումից հետո շատ երկրներում կար հսկայական քանակության զինամթերք, որոնց վրա պետական հսկողություն գրեթե չկար, այդպես այս զենքերը հայտնվեցին սև շուկայում։

Փորձագետները նշում են, որ վերջին հարձակումները փաստում են, որ ահաբեկիչներն այժմ ռումբեր օգտագործելու փոխարեն անցել են սև շուկայից ձեռքբերված զենքերի: Ըստ «Պոտոմակ» ինստիտուտի փորձագետ Թոֆիկ Համմեդի, ահաբեկիչների համար սև շուկայից զենք ձեռք բերելը ավելի հեշտ է, քան ինքնաշեն ռումբ պատրաստելը։ Փորձագետները պնդում են, որ ահաբեկչության դեմ արդյունավետ պայքարի կարևորագույն մաս է նաև զենքերի սև շուկայի դեմ պայքարը։