Եվրամիության ուժը միասնության մեջ է
Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության սահմանած պատժամիջոցների փաթեթը կմնա ուժի մեջ մինչև այս տարվա սեպտեմբերը, ինչից հետո ժամկետը կարող է նորից երկարաձգվել։
Պատժամիջոցները հնարավոր կլինի մեղմել կամ չեղյալ հայտարարել, եթե Ռուսաստանը կատարի Ուկրաինայում խաղաղություն հաստատելու նպատակով Մինսկում 2014-ի սեպտեմբերի 5-ին ստորագրված համաձայնությունները։
Այս որոշումը Եվրոպական միության անդամ 28 երկրների արտգործնախարարներն ընդունել են երեկ ուշ երեկոյան Բրյուսելում մի քանի ժամ տևած քննարկումների արդյունքում։ Այդ մասին հայտնել է Եվրոպական միության արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին։
«Մենք որոշել ենք մինչև սեպտեմբեր երկարաձգել անցյալ տարվա մարտին անհատների և ընկերությունների նկատմամբ սահմանած պատժամիջոցները», - ասել է Եվրամիության թիվ մեկ դիվանագետը։ Մոգերինիի փոխանցմամբ, Բրյուսելը մտադիր է կիրառել նաև նոր պատժիչ միջոցներ․ - «Ի հավելումն այսօրվա վճռին մենք որոշել ենք նաև մեկ շաբաթում ընդարձակել պատժամիջոցների ենթարկված անհատների և ընկերությունների ցանկը։ Այդ որոշումը կընդունվի Եվրամիության արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստում, որը գումարվելու է փետրվարի 9-ին»։
Հունաստանը դեմ է այսօր նոր պատժամիջոցներ սահմանելուն
Պատժամիջոցները երկարաձգելու որոշումն ընդունվել է միաձայն։ Մեկնաբանները նշում են, որ հավանություն է տվել նաև այդ հարցի վերաբերյալ նախօրեին առարկություններ ներկայացրած Հունաստանը։
«Ես շատ ուրախ եմ, որ այսօր մենք միասնական ենք, դա է միշտ եղել Եվրոպական միության ուժը, մենք ապացուցեցինք, որ պատրաստ ենք առաջիկա շաբաթներին կիրառել նոր միջոցներ», - ասել է Ֆեդերիկա Մոգերինին։
Մոսկվան հուսով էր, որ տնտեսական բարդ վիճակում գտնվող հույները կդիմադրեն, փորձագետները նույնիսկ հայտնում էին, որ Ռուսաստանը կարող է Հունաստանին ֆինանսական լուրջ օգնություն տրամադրել աջակցության դիմաց, սակայն Բրյուսելում արտգործնախարարները համոզել են իրենց հույն գործընկերոջը` միանալ պատժամիջոցները երկարաձգելու որոշմանը։
Երեկ Հունաստանի արտգործնախարար Նիկոս Կոցիասն ասել է, որ ոև ոչ չի ցանկանում շարունակել հակամարտությունը ռուսների հետ։
«Մենք վերջին շանսն ենք տալիս քաղաքական քննարկումներին, մենք դեմ չենք պատժամիջոցների երկարաձգմանը, մենք դեմ ենք այսօր նոր պատժամիջոցներ սահմանելուն»,- ասել է Կոցիասը։
Մոսկվան անաչառ միջնորդ չի համարում ԵՄ-ն
Ռուսաստանի արտգործնախարարությունն արդեն արձագանքել է Բրյուսելի որոշմանը՝ հայտարարելով, որ այն հիասթափություն է առաջացրել։
«Եվրոպական միությունը շարունակում է Ռուսաստանի հետ առանց այն էլ լարված հարաբերությունները է՛լ ավելի սրելու գործելակերպը։ Ներուկրաինական հակամարտության այդքան միակողմանի ըմբռնումը Բրյուսելին զրկում է «անաչառ միջնորդ» լինելու հնարավորությունից։ Ափսոս, որ Եվրամիությունը հերթական անգամ պատանդ դարձավ ագրեսիվ փոքրամասնության ձեռքում։ Հակամարտության կարգավորման, ինչպես նաև եվրոպական գործընթացը կառուցողական հուն վերադարձնելու համար Ռուսաստանի ներկայացրած կոնկրետ առաջարկությունները մնում են ուժի։ Ժամանակն է, որ Եվրամիությունը գիտակցի, որ պատժամիջոցների հակադրությունը հեռանկար չունի, այն միայն վնաս է հասցնում մեր ժողովուրդներին և տնտեսություններին», - ասվում է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարությունում։