Երևանում տեղակայված N զորամասի զինծառայող Հայկազ Բարսեղյանին մի խումբ անձանց կողմից սպանելու դեպքի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակում Ռազմական ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում ձերբակալվել է չորս անձ։
Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, զինծառայողին սպանելու կասկածանքով ձերբակալվել են համածառայակիցներ՝ Վաչե Սահակյանը, Մովսես Ազարյանը, Գնել Թևոսյանը և Նորիկ Սահակյանը:
Հիշեցնենք՝ Հայկազ Բարսեղյանի մարմինը հայտնաբերվել է երեկ ժամը 6:35-ի սահմաններում, Երևանում տեղակայված N զորամասի մարզահրապարակում՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում:
Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով՝ «սպանություն մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից»։ Ստեղծվել է քննչական խումբ։
Քրեական գործի շրջանակներում Ռազմական ոստիկանության աշխատակիցների հետ միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքների բացահայտման, բազմակողմանի հետազոտման ուղղությամբ։