Դեր-Զորում նախօրեին հայ զինվոր է զոհվել։ Սիրիայի «Գանձասար» թերթի լրագրող Զարմիկ Պողիկյանը «Ազատության» հետ զրույցում հաստատեց լուրը և նշեց, որ Սիրիայի կառավարական բանակի հայազգի զինծառայող Հակոբ Սապան սպանվել է բանակի և զինյալ գրոհայինների միջև ծավալված բախումների ընթացքում։ Սապան 21 տարեկան էր։
Վերջին օրերին բախումներ են տեղի ունենում հատկապես Դամասկոսի արվարձաններում, Հալեպում և երկրի գլխավոր նավահանգիստ Լաթաքիայում: Ուժգին հրթիռակոծման թիրախ են դառնում նաև նշված քաղաքների բնակելի թաղամասերն ու հրապարակները։
Հունվարի 23-ին ռմբահարվել է նաև Հալեպի Թիլել թաղամասն ու այնտեղ գտնվող Հայ Կաթողիկե եկեղեցու առաջնորդարանը։ Հայկական կողմից զոհեր չկան, սակայն եկեղեցին ավերվել է։
«Առայժմ եկեղեցին չի գործում, քանի որ այս վիճակով հնարավոր չէ։ Նախքան հրթիռակոծումը եկեղեցին գործում էր, հավատացյալները աղոթք էին անում եկեղեցու մեջ։ Զոհեր չունեցանք, վիրավորներ ունեցանք, բայց նյութական վնասներ եղան ահավոր՝ բնակարաններ, աշխատավայրեր վնասվեցին», - ասաց Զարմիկ Պողիկյանը։
Սիրիահայերի գլխավոր խնդիրն այսօր նյութական ծանր վիճակն է, ասում է Զարմիկ Պողիկյանը։ Մարդիկ անգործության են մատնված և չեն կարողանում անգամ վճարել երեխաների ուսման վարձը: Այս պարտականությունն իր վրա մասամբ վերցրել է «Սիրիահայության շտապ օգնության մարմինը»։ Շուրջ չորս տարի ներքին պատերազմի մեջ գտնվող Հալեպում շատ թաղամասեր, այդ թվում՝ հայկականները, վառելիքի խնդիր ունեն։
«Թեև վառելանյութի տագնապը մասամբ պետությունը կջանա լուծել, հատկապես, օրինակ, էլեկտրական գործիքների համար վառելանյութ ապահովելը, որպեսզի կարողանան բնակարաններին օրվա մեջ մի քանի ժամ էլեկտրաէներգիա տալ, բայց տագնապը տակավին առկա է», - նշեց Պողիկյանը:
Մոսկվայում այս օրերին հավաքվել են Սիրիայի ընդդիմադիր խմբերի ներկայացուցիչներ՝ երկրում ստեղծված իրավիճակից հնարավոր ելքերը քննարկելու համար։ Ավելի ուշ նրանց Սիրիայի կառավարության պատվիրակությունը կմիանա։ Ըստ Պողիկյանի, փակ դռների հետևում անցկացվող մոսկովյան խորհրդակցությունները կարող են հիմք հանդիսանալ, որպեսզի վերսկսվեն մեկ տարի առաջ ընդհատված միջսիրիական բանակցությունները։
«Շատ ծանր վիճակի մեջ է ժողովուրդը։ Այս չորս տարվա մեջ այլևս այնպիսի վիճակի հասավ, որ հատկապես երիտասարդությունը անգործության պատճառով հուսահատ վիճակի մեջ է։ Հուսով ենք, որ այս բանակցությունները Մոսկվայի արդյունք կտան, և Սիրիայի տագնապը, ճիշտ է, երկար հարց է, և հասկանում ենք, որ անմիջապես լուծելու խնդիր չէ, բայց հանգրվանաբար լուծման ճանապարհի մեջ կմտնի», - ընդգծեց սիրիահայ լրագրողը:
Չնայած դժվար պայմաններին, գործում են հայկական համայնքի մի շարք կառույցները և եկեղեցիներ՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, Սուրբ Աստվածածինը և Հայ Ավետարանական եկեղեցին, բաց են նաև դպրոցները։ Մինչև պատերազմը Սիրիայում ապրող մոտ 100 հազար հայերից, ըստ Զարմիկ Պողիկյանի, այսօր մնացել է մոտ 40 հազարը։