Գյումրու ցուցարարներին ոստիկանություն կանչելու «շատ ճիշտ» որոշումը մտահոգում է իրավապաշտպաններին

Your browser doesn’t support HTML5

Իրավապաշտպանները տարակուսած են, թե ինչ տրամաբանությամբ է գործում ոստիկանապետը:

Իրավապաշտպանները վրդովված են ոստիկանապետի երեկվա հայտարարությունից, որով Վլադիմիր Գասպարյանը հաստատեց, որ այս օրերին Գյումրու ոստիկանական բաժանմունքներ են կանչվում Պերմյակովին հայկական կողմին փոխանցելու պահանջով ցույցի մասնակիցները: Ոստիկանության գործողությունները գնահատելով «շատ ճիշտ»՝ Վլադիմիր Գասպարյանը երեկ ընդգծում էր, թե ցույցի կազմակերպիչները պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն:

«Ովքեր կազմակերպել են այդ ջարդը, ում մտքով անցել է, որ կարող են ոստիկաններին քարերով ծեծել և խառնել իրավիճակը, էդ մարդկանց պատասխանատուները պետք է գտնվեն և պատժվեն: Գնում են աշխատանքներ ընդամենը, որպեսզի կազմակերպիչներին հայտնաբերենք, իսկ կազմակերպիչները քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեն», - ասաց ոստիկանապետը:

Հակադարձելով Վլադմիրի Գասպարյանին՝ իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը պնդում է, որ իրավապահներն իրենք էին սադրել այդ բախումը՝ փակելով ցուցարարների ճանապարհն ու խոչընդոտելով երթը դեպի Ռուսաստանի հյուպատոսություն և հատուկ միջոցների կիրառմամբ՝ ավելի բորբոքելով գյումրեցիներին: Եվ հիմա էլ, ըստ իրավապաշտպանի, ոստիկանությունը, ճնշումներ բանեցնելով, ահաբեկելով փորձում է կանխել դժգոհության նոր ալիքի բարձրացումը:

«Այն օրերին, երբ Գյումրիի բնակչությունը այդ ահաբեկությունից հետո գտնվում էր սարսափելի իրավիճակում որևէ մեկը իշխանական համակարգից չգնաց էդ ժողովրդի կողքը կանգնի ու ասի, որ դուք պաշտպանված եք: Այ ոստիկանապետը պարտականությունները պետք է կատարի և ոչ թե այդ իրական հանցագործին բացահայտելու փոխարեն գյումրեցիներին տանի ոստիկանական բաժանմունքներ, այդ թվում՝ անչափահասներին, և ճնշված, հոգեբանական ծանր վիճակում գտնվող մարդկանց նկատմամբ կատարի բիտ մեթոդները: Ստրուկների հետ այսպես չէին վարում երևի», - ասաց իրավապաշտպանը:

Փոխարենը, ըստ Ժաննա Ալեքսանյանի, ոստիկանապետը պետք է բացատրի՝ ինչու տապալեց Պերմյակովին հայտնաբերելու գործողությունը և ոչ թե իր «շեֆերի» այլ հանրության առջև հաշվետու լինի․

«Հայաստանի իրավապահ մարմինները ամեն ինչ արեցին բարեհաջող կոծկելու այդ սպանդի հեղինակներին: Սա է իրականությունը, և Գյումրին չի կարող իր կողքի մի ամբողջ ընտանիքի ոչնչացնելու այդ իրավիճակը կուլ տալ: Ի՞նչ է արել ոստիկանությունը: Պերմյակովին բարեհաջող հանձնելուց հետո ակտիվիստների ջարդեր է կազմակերպել, իր բառերով ասած», - «Ազատության» հետ զրույցում նշեց Ժաննա Ալեքսանյանը:

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն առհասարակ տարակուսած էր, թե ինչ տրամաբանությամբ է գործում ոստիկանապետը:

«Նախ առանց ծանուցագրերի ոստիկանություն կանչել մարդկանց դա արդեն օրենքի խախտում է, դա հակասում է ոստիկանության կողմից․․․ Ես չեմ ուզում օրենքին անդրադառնալ, ոստիկանության կողմից վահանակների տեքստին: Վահանակների վրա գրված է՝ ծառայելով օրենքին՝ ծառայում ենք ժողովրդին: Ես խորհուրդ կտամ, որ այդ վահանակը փոխեն, այսպես դարձնեն՝ ծառայելով իշխանություններին՝ ծառայում ենք անօրինականություններին», - ասաց իրավապաշտպանը:

Հելսինկյան կոմիտեի նախագահն ասում է, թե հենց միայն այն փաստը, որ այդ մարդիկ կանչվում են ոստիկանություն և այդ մասին հայտարարում է անձամբ Վլադիմիր Գասպարյանը, արդեն իսկ վկայում է, որ սա ահաբեկում է:

«Ժողովուրդը շատ նորմալ իր անարդարության ցասումով դուրս էր եկել բողոքի և այդ ժամանակ իշխանությունը կաթվածահար եղած՝ չգիտեր՝ ինչ պատասխան տար նրանց: Երևում էր, որ Հայաստանում իշխանություն չկա: Եվ հիմա հետին թվով ուզում են ցույց տան իրենց իշխանությունը: Նույնը վերաբերում է ամսի 15-ին Ազատության հրապարակից քաղաքացիական հագուստով մարդկանց առևանգելուն: Սա է օրենքը, ինչի՞ մասին է խոսում ոստիկանապետը», - ասաց Իշխանյանը:

Գյումրեցիներին աջակցելու համար Երևանում «Միանում եմ» անվանումով նախաձեռնություն է ստեղծվել: Պերմյակովին հանձնելու պահանջով մի անգամ արդեն երթով անցել են Երևանի փողոցներով, նախաձեռնության անդամ Նարեկ Այվազյանն ասում է, որ անընդհատ պիտի ցույց տան, որ գյումրեցիները մենակ չեն, թույլ չտան, որ նրանք ընկճվեն ոստիկանական ճնշումներից:

«Ոչ միայն արժանապատվության, սուվերենության պետության կողմից հարց է, այլ նաև անվտանգության հարց է, որովհետև մարդիկ վախեցած են, չեն տեսնում, որ պետությունը կարողանում է պաշտպանել: Օրինակ, տվյալ հանցագործը, ինչպես հասկանում ենք, գործը գնում է նրան, որ պետք է դատապարտվի ոչ թե հանուն Հայաստանի հանրապետության, այլ Ռուսաստանի Դաշնության օրենքները պետք է գործեն, որից բխում է, որ մենք իրավասություններ, իրավազորություն չունենք», - ասաց Նարեկ Այվազյանը: