Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակից «Ազատության» հետ զրույցում հերքեցին Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը հայկական Զինված ուժերի անօդաչու թռչող սարքի խոցման մասին:
Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, իր հերթին, Ֆեյսբուքում գրել է․ - «Հասկանալի է, որ նման պարտություններից հետո, ադրբեջանական քարոզչության համար ցանկալի է հնարավորինս մեծ ձեռքբերումներ ներկայացնել, սակայն սուտն էլ պիտի սահման ունենա, խելքին մոտիկ լինի: Ես չեմ զարմանա, որ վաղը իրենք հայկական ատոմային սուզանավ օդում խոցեն, կամ ասենք միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ կենդանի բռնեն»:
Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը, տեղական լրատվամիջոցների վկայությամբ, հայտարարել էր, թե այսօր ժամը 14-ի սահմաններում շփման գծի Աղդամի հատվածում ադրբեջանական զինված ուժերի դիրքերի վրա հայկական Զինված ուժերին պատկանող անօդաչու թռչող սարք է խոցվել:
Հովհաննես Մովսիսյան