«Հայաստանն ու հայաստանցիները ավելի են հակված Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, քան Սփյուռքի հայությունը», - Թուրքիայի պետական Anadolu լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է երկրի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի գլխավոր խորհրդական Էթյեն Մահչուփյանը:
Թուրքիայի ամենաբարձրաստիճան հայազգի պաշտոնյան այս մասին խոսել է երեկ` Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլում կազմակերպված միջազգային համաժողովի շրջանակներում:
Մահչուփյանի համոզմամբ` հայերն ու թուրքերը բազմաթիվ մշակութային ընդհանրություններ ունեն: «Մենք նույն մշակույթի զավակներն ենք, լսում ենք նույն երաժշտությունն ու կարդում նույն գրքերը», - պնդել է Մահչուփյանը՝ հավելելով․ - «Երբ Հայաստանը խոսում է պետական մակարդակով, դա շատ կոշտ է հնչում, սակայն երբ դուրս ես գալիս փողոց և խոսում ես շարքային հայաստանցիների հետ, իրավիճակն այլ է: Թուրքիայի փողոցներում, ի դեպ, վիճակը նույնն է` այստեղ էլ մարդիկ ցանկանում են ջերմ հարաբերություններ ունենալ և փոխադարձ կապեր հաստատել»:
Մահչուփյանի համոզմամբ՝ 2015 թվականը կարող է հավելյալ հնարավորություններ ստեղծել երկկողմ հարաբերությունների բարելավման համար:
«Նախևառաջ հարկավոր է հոգեբանական փոփոխությունների հասնել` ապագային միասնաբար նայելու սովորույթ ձևավորելով: 2015 թվականը լուրջ հնարավորություն է դրա համար», - կարծում է Թուրքիայի վարչապետի հայազգի խորհրդականը:
Ըստ Մահչուփյանի, ի դեպ, թե՛ Հայաստանը և թե՛ Թուրքիան այսօր պատրաստ են հարաբերությունների կարգավորմանը:
«Իրականում երկու կողմերն էլ պատրաստ են կապեր հաստատելուն: Բայց մենք ապրում ենք ազգային [պետությունների] աշխարհում, որտեղ առկա են սահմաններ և երկրներ: Դա խնդրին որոշակի ձևական բնույթ է հաղորդում: Երբ հարցը տեղափոխվում է ֆորմալ հարթություն, ի հայտ են գալիս բանակցությունների, հավասարության հարցերը, որոնք էլ, ի վերջո, հանգեցնում են խզման», - նշում է Մահչուփյանը:
Իր հիշատակած բարդություններից խուսափելու համար նա առաջարկում է հայ - թուրքական հարաբերությունների կարգավորումը սկսել հանրային մակարդակից:
«Ես երբեք չեմ կարծել, որ կարելի է լուրջ արդյունքների հասնել` ամեն ինչ տեղափոխելով պետական մակարդակ: Հարկավոր է պետությունների մակարդակից իջնել ևս մեկ աստիճանով: Շատ կարևոր է, որպեսզի անհրաժեշտ քայլերը ձեռնարկվեն հանրային մակարդակում: Հարկավոր է ամեն ինչ անել ոչ ֆորմալ խողովակներ օգտագործելով», - նշում է Էթյեն Մահչուփյանը:
Anadolu գործակալությանը տված հարցազրույցում Թուրքիայի վարչապետի հայազգի խորհրդականը անդրադառնում է նաև այդ երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանի կողմից Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված հրավերին` ապրիլի 24-ին մասնակցելու Գալիպոլիի (Չանակալե) ճակատամարտի 100-ամյակին նվիրված հիշատակի միջոցառումներին:
«Հրավերը ուղարկվել է ողջ աշխարհին` ներառյալ Հայաստանը: Բացի այդ, պետք չէ մոռանալ, որ Չանակալեի ճակատամարտի ընթացքում նաև որոշ քանակությամբ հայեր են զոհվել:Եթե Հայաստանը համարում է, որ հոգևոր կապ ունի նախկինում ապրած իր հայրենակիցների հետ, դա վերաբերում է նաև այդ ճակատամարտի հայ մասնակիցներին: Այնպես որ, լավ կլիներ, եթե Հայաստանը, թեկուզև խորհրդանշական մակարդակով, բայց և այնպես մանակցեր այդ արարողությանը», - ասում է Էթյեն Մահչուփյանը Anadolu-ին տված հարցազրույցում:
Սերժ Սարգսյանը, հիշեցնենք, մերժել է Ռեջեփ Էրդողանի հրավերը: