Ազատամարտիկի ընտանիքը 25 տարի ապրում է տրոլեյբուսի պարկում

Your browser doesn’t support HTML5

Ազատամարտիկի ընտանիքը 25 տարի ապրում է տրոլեյբուսի պարկում

28 քառակուսի մետր տարածք ունեցող կացարանը դեռևս ղարաբաղյան պատերազմի տարիներին է հատկացվել Վարդգես Սմբատյանին՝ Վազգեն Սարգսյանի միջնորդությամբ:

Ազատամարտիկ Վարդգես Սմբատյանը արդեն 25 տարի ընտանիքի հետ բնակվում է տրոլեյբուսի պարկում։ 28 քառակուսի մետր տարածք ունեցող կացարանը դեռևս ղարաբաղյան պատերազմի տարիներին է հատկացվել Սմբատյանին՝ Վազգեն Սարգսյանի միջնորդությամբ:

Վարդգեսն այն կամավորներից է, որոնք 1992 թվականին արձագանքեցին Վազգեն Սարգսյանի կոչին և անդամագրվեցին մահապարտների «Արծիվներ-1» ջոկատին: Նրանք ազատագրեցին Գանձասարի ու Մարտակերտի բարձունքները՝ կասեցնելով հակառակորդի առաջախաղացումը դեպի Ստեփանակերտ։

Նրա խոսքով, սակայն, ղարաբաղյան պատերազմի ամենաօրհասական պահերին կռված այս մարտիկներից շատներն այսօր սոցիալապես խիստ անմխիթար վիճակում են․ - «Բոլորն էլ նույն վիճակում են՝ աշխատանք չունեն, փող չունեն, դոմիկի մեջ ապրող։ Ի՞նչ վիճակ է Հայաստանում կառավարության կողմից։ Աչքաթող արած, աչքաթող արած բոլոր կամավորներին»։

28 քառակուսի մետրանոց տարածքում հինգ հոգով են բնակվում։ Կոմունալ առանձին հարմարություններ չկան: Ձմռանը տանը ցուրտ է լինում:

«Ամեն ձմեռ էլ էսպես ա եղել։ Տարածքում որ փայտ է լինում, ծառերի ավելորդները, մանր-մունր փայտերից հավաքում, բերում վառում ենք՝ յոլա գնալով։ Ճիշտ ա, մի երկու տարի կարացինք առնեինք: Դե հիմա հնարավորություն չունենք, որ կարանանք առնենք», - ասաց ազատամարտիկի կինը։

Տրոլեյբուսի պարկի տնօրենը Սմբատյանի ընտանիքին մի քանի անգամ փորձել է հիմնարկության տարածքից դուրս հանել, սակայն ամեն անգամ խնդրել ուբնակվել ու ժամկետը երկարաձգել են։ Պաշտպանության նախարարությունում խոստացել են ընտանիքին բնակարան հատկացնել, բայց սպասում են արդեն ութ տարի, իսկ հերթացուցակում դեռ 284-րդ են:

«Պաշտպանության նախարարությունում ասում ա՝ գումար չունենք, որ էդքանին ապահովենք։ Մենք չգիտենք քանի տարի կսպասենք։ Կարող ա մեզանից հետո լինի, մեր մահից հետո», - հավելեց Վարդգեսը։

Ազատամարտիկի կինը հավաքարար է տրոլեյբուսի պարկում, իսկ Վարդգեսն աշխատել չի կարողանում։ Դեռ պատերազմի տարիներին ոտքից և ուսից վիրավորվել է, նաև կոնտուզիա է ստացել։ Վճարել չկարողանալու պատճառով բուժումից հրաժարվել է, չի կարողանում նաև անհրաժեշտ դեղերը գներ։ «47 հազար դրամ թոշակը գրեթե ոչ մի բանի չի բավականացնում», - ասում է ազատամարտիկը։ - «Ոչ մի անվճար բան չունենք մենք։ Ունեցել ենք ժամանակին․․․ Ապտեկա ունեինք, ինչ-որ տեղ դեղորայք էինք ստանում անվճար: Հանեցին»։

Առողջական խնդիրներ ունեցող ազատամարտիկը, սակայն, պատրաստ է պաշտպանել հայրենիքը: Նրան անհանգստացնում են այս օրերին սահմանից պարբերաբար ստացվող վատ լուրերը․ - «Որ կռիվ եղավ, Աստված չանի էդ բանը լինի: Չեմ ցանկանում, թող խաղաղություն լինի, մեր երեխեքը մեղկ են։ Բայց որ եղավ, մենք սենց էլ պիտի գնանք, թեկուզ մեր սալդատի կողքին կանգնելու, իրանց թև-թիկունք լինելու: Իրենց պաշտպանենք, մեր հայ ազգին պաշտպանենք, մենք էսօր կանք։ Ինչքան էլ որ չլինենք, մեր փորձը մեր իմացածը մեզ հերիք ա»։