Պաշտոնական Ստեփանակերտի համար ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի դիվերսանտ Դիլհամ Ասկերովի փոխանցման հարցը քննարկման ենթակա չէ, այսօր «Ազատության»-ն ասաց Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ արձագանքելով Ռուսաստանի արտգործնախարարի վերջին հայտարարությանը:
Հիշեցնենք, ասուլիսի ժամանակ ադրբեջանցի լրագրողը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովից հետաքրքվել էր Ասկերովի ճակատագրով՝ հայտարարելով, թե նա Ռուսաստանի քաղաքացի է, և ինչո՞ւ Ռուսաստանը որևէ հայտարարություն չի անում իր քաղաքացուն ազատ արձակելու վերաբերյալ։ Ի պատասխան, Լավրովն ասել էր, թե նրան հայկական կողմն է ձերբակալել, այդ իսկ պատճառով հարցը կքննարկեն հայկական կողմի հետ։
«Այստեղ որևէ լուրջ խնդիր չկա, և այդ հարցը քննարկման ենթակա չէ», - ասաց Բաբայանը։
Դիլհամ Ասկերովը ձերբակալվեց անցած տարվա հուլիսին։ Անցած տարվա դեկտեմբերի 29-ին Լեռնային Ղարաբաղի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանն Ասկերովին դատապարտեց ցմահ ազատազրկման՝ առանց պատշաճ թույլտվության Լեռնային Ղարաբաղի պետական սահմանը հատելու, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու, մարդուն բացահայտ առևանգելու և սպանության համար։
Հովհաննես Շողիկյան