Հնդկաստանի Հանրապետության տոնի շքերթին անցյալում մասնակցել են Ճապոնիայի վարչապետն ու Ռուսաստանի նախագահը: Այս տարի շքերթը համընկավ Միացյալ Նահանգների նախագահի Հնդկաստան այցին։
Բարաք Օբամայի այցելությունը Հնդկաստան աննկատ չմնաց Չինաստանի կողմից։
Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Բեն Ռոուդզը նշեց, որ Հնդկաստան - ԱՄՆ համագործակցության ընդլայնումը կստեղծի ավելի կայուն մթնոլորտ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։ Նա հավելեց, որ ԱՄՆ-ը ունի Հնդկաստանի հետ ավելի սերտ համագործակցելու միտումներ, և սա Չինաստանի կողմից չպետք է դիտարկվի որպես այլընտրանքային շուկայի որոնում, սա փոխշահավետ համագործակցություն է երկու մեծ երկրների միջև։
Հնդկաստան - ԱՄՆ բիզնեսի ոլորտի համագործակցությանը զարկ տալու նպատակին էր ծառայում երկուշաբթի օրը կազմակերպված գագաթնաժողովը, որի ժամանակ Միացյալ Նահանգների նախագահը և Հնդկաստանի վարչապետը հանդիպեցին երկու երկրների մեծ ընկերությունների գլխավոր տնօրենների հետ։
Իր ելույթում Օբաման մատնանշեց, որ իր նախագահության տարիներին Հնդկաստանի հետ առևտուրը տարեկան հասցվել է 100 միլիարդ դոլարի, ինչը բավական բարձր ցուցանիշ է, սակայն համեմատելով Չինաստանի հետ իրականացվող 560 միլիարդի տարեկան առևտրին՝ Հնդկաստանը ունի աճի մեծ պոտենցիալ։
Օբաման նաև շեշտեց ԱՄՆ - Հնդկաստան ռազմավարական երկխոսության ընդլայնման անհրաժեշտությունը և խոստացավ ներդրումներ Հնդկաստանի այլընտրանքային էներգիայի շուկայում։
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին էլ, իր կողմից, խոստացավ ստեղծել բարենպաստ պայմաններ ամերիկյան ներդրումների համար։