Ամերիկացի փորձագետ․ Ռուսաստանն այլ տիեզերքում է ապրում

Դեյվիդ Քրեյմեր

«Մենք գործ ունենք միապետական մի համակարգի հետ, որի և ոչ մի արժեք համահունչ չէ մեր արժեքներին», - ասում է Դեյվիդ Քրեյմերը:

Ի դեմս Ռուսաստանի՝ Արևմուտքը գործ ունի բոլորովին այլ մի համակարգի հետ, համոզված է ամերիկացի փորձագետ, Միացյալ Նահանգների պետքարտուղարի նախկին տեղակալ Դեյվիդ Քրեյմերը, որը մինչ վերջերս նախագահում էր Freedom House կազմակերպությունը:

Ռուսաստանն ապրում է բոլորովին այլ տիեզերքում, ասում է ՄըքՔեյնի ինստիտուտի Մարդու իրավունքների և ազատությունների հարցերի տնօրեն Քրեյմերը:

«Մենք գործ ունենք միապետական մի համակարգի հետ, որի և ոչ մի արժեք համահունչ չէ մեր արժեքներին», - նշում է նա:

Փորձագետի կարծիքով՝ Ռուսաստանը ժողովրդավարության տարածումը և եվրաինտեգրացումը դիտարկում է որպես սեփական համակարգի դեմ ուղղված վտանգներ, ինչը նշանակում է, որ Արևմուտքի համար շատ բարդ կլինի Պուտինի հետ պայմանավորվածություններ ձեռք բերել:

«Ռուսաստանն այլ տիեզերքում է ապրում: Լավրովն աշխատավարձ է ստանում ամեն օր ստելու համար», - ասում է Դեյվիդ Քրեյմերը:

Նրա համոզմամբ, Արևմուտքը պետք է քննարկի ոչ թե Ռուսաստանի դեմ պատժամիջոցների թուլացման, այլ նոր պատժամիջոցներ կիրառելու հեռանկարը, քանի որ նախագահ Պուտինը փոխզիջման է գնում միայն ուժի ազդեցության ներքո:

«Որոշ գործիչներ ասում են, որ եթե Պուտինի վրա ճնշումը շարունակվի, նա կարող է պատին դեմ տրված առնետի նման հարձակվել ի պատասխան, սակայն ես կարող եմ ասել, որ Պուտինը զիջման է գնում միայն ուժի ազդեցության տակ», - ասում է Քրեյմերը:

Նախկին դիվանագետի կարծիքով, Արևմուտքը պետք է շարունակի ճնշումը Կրեմլի վրա, միևնույն ժամանակ՝ ավելի ակտիվ օգնություն ցուցաբերելով Կիևին, որպեսզի օգնի Ուկրաինային հաղթահարել 2015-ին սպասվող դժվարությունները:

Հիշեցնենք, որ պաշտոնական Մոսկվան հերքում է իր որևէ կապը Դոնեցկի և Լուգանսկի խմբավորումների և վերջին օրերին սկսված գրոհի հետ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ իր առաջարկած խաղաղարար նախաձեռնությունները որևէ պատասխան չեն ստացել: Քրեյմերի կարծիքով, սակայն, ռուսական կողմի որևէ հայտարարություն իրականությանը չի համապատասխանում: