Չի բացառվում, որ առաջիկայում Թուրքիայում բնակվող կրոնական փոքրամասնությունների խնդիրները քննարկվեն երկրի խորհրդարանի լիագումար նիստում: Շաբաթասկզբին Թուրքիայի ոչ մահմեդական կրոնական գործիչների, այդ թվում՝ Պոլսի Հայոց պատրիարքի տեղապահ Արամ Աթեշյանի հետ դռնփակ հանդիպման ավարտին նման հայտարարությամբ հանդես եկավ երկրի խոշորագույն ընդդիմադիր՝ Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն:
«Հոգևոր առաջնորդների հետ մենք մի շարք հարցեր քննարկեցինք, և կարող եմ ասել, որ ջանք չենք խնայի լուծելու համար այն խնդիրները, որ նրանց իսկապես հուզում են: Ավելին՝ մեր զրույցի ընթացքում նրանց հիշատակած հարցերից մի քանիսը կընդգրկվեն նաև Ազգային մեծ ժողովի օրակարգում», - հայտարարեց Քըլըչդարօղլուն:
Թուրքական մամուլի տեղեկություններով՝ ընդդիմության առաջնորդի հետ հանդիպման ժամանակ կրոնական գործիչները նախևառաջ խոսել են փոքրամասնությունների դեմ օգտագործվող կոշտ հռետորաբանության, լրատվամիջոցներում հաճախ հանդիպող այսպես կոչված «ատելության լեզվի» անթույլատրելիության մասին:
«Ժողովրդա-հանրապետական կուսակցության դավանած սկզբունքն անփոփոխ է` չմիջամտել որևէ մեկի առօրյա կյանքին, որևէ մեկի կրոնական կամ ազգային պատկանելության հարցը չդարձնել քննարկման առարկա: Մեր ցանկությունն է, որպեսզի Թուրքիայի Հանրապետության բոլոր 77 միլիոն քաղաքացիները ապրեն խաղաղ և ներդաշնակ մթնոլորտում», - հայտարարում էր Քըլըչդարօղլուն:
Ի դեպ, նկատելի է, որ Հայոց ցեղասպանության 100-ամյակի շեմին թուրքական քաղաքական շրջանակները առավել ակտիվ շփումների մեջ են մտել երկրի կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ: Ընդամենը մի քանի շաբաթ առաջ` հունվարի 1-ին, Թուրքիայում բնակվող հայերի, հույների, ասորիների և հրեաների հոգևոր առաջնորդներին ընդունել էր վարչապետ Ահմեթ Դավութօղլուն` հայտարարելով, թե «Թուրքիայի բոլոր քաղաքացիների կրոնական իրավունքները կառավարության համար սրբազան նշանակություն ունեն»: