Ռուսաստանը հրաժարվել է ֆինանսական օգնություն տրամադրել Մերձդնեստրին

Ռուսաստանի փոխարտգործնախարարԳրիգորի Կարասին, արխիվ

1992 թվականից ի վեր առաջին անգամ Ռուսաստանը հրաժարվել է ֆինանսական օգնություն տրամադրել Մերձդնեստրին, հաղորդում է «Նեզավիսիմայա գազետան»:

Ըստ թերթի, Տիրասպոլը խնդրել է 100 միլիոն դոլարի աջակցություն՝ կենսաթոշակները վճարելու և սոցիալական այլ պարտավորությունները կատարելու համար: Այդ նպատակով Մերձդնեստրի առաջնորդն անգամ հատուկ պատվիրակություն է գործուղել Մոսկվա: Կրեմլը, սակայն, մերժել է խնդրանքը՝ պատճառաբանելով, թե Ռուսաստանն ինքն է այժմ կանգնած լուրջ տնտեսական խնդիրների առջև:

«Մերձդնեստրը հավելյալ ծանր բեռ է Կրեմլի ուսերին», - թերթի հետ զրույցում ասել է Ռուսաստանում Մոլդովայի նախկին դեսպան Անատոլ Ցարանուն՝ հիշեցնելով, որ չճանաչված հանրապետությունում բազմաթիվ չլուծված խնդիրներ կան, միայն գազի դիմաց Տիրասպոլը պարտք է Ռուսաստանին մոտ 5 միլիարդ դոլար:

Ավելին, ըստ փորձագետների, Կրեմլն այժմ հակված է փոխել վերաբերմունքը ռուսամետ տարածաշրջանի նկատմամբ՝ Ղրիմի ճանաչման դիմաց:

«Այդ մասին է վկայում նաև փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հայտարարությունը Պետդումայում, ով Մերձդնեստրը բնորոշեց որպես «տարածաշրջան», մի բան, որ ավելի վաղ անում էին միայն Մոլդովայի պաշտոնյաները: Այժմ այդ եզրույթը հնչում է Ռուսաստանի փոխարտգործնախարարի շուրթերից, ինչը կարելի է ընկալել որպես ազդակ», - ասել է դիվանագետը:

Դիվանագիտական հայտարարություններից բացի, ըստ տեղի բնակիչների, փոխվել է նաև ռուս գործարարների վերաբերմունքը․ հաղորդումներ են ստացվում, որ ներդրողները սկսել են հեռանալ Մերձդնեստրից՝ հարվածի տակ դնելով առանց այդ էլ դժվարին դրության մեջ հայտնված տնտեսությունը:

«Չճանաչված այդ հանրապետության բնակիչները մշտապես հույսը դնում էին Ռուսաստանի աջակցության ու ռուս ներդրողների վրա, հիմա ստիպված են մնալ չոր հարցի հույսին», - «Նեզավիսիմայա գազետային» ասել է Մերձդնեստրի Գերագույն խորհրդի պատգամավոր Դմիտրի Սոինը: