Արոնյանը Tata Steel սուպերմրցաշարում իններորդն է. հաղթողը՝ Կարլսենն է

Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը երրորդ անգամ դարձավ Tata Steel Chess սուպերմրցաշարի հաղթող՝ Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում կրկնելով 2010-ին և 2013-ին գրանցած հաջողությունը: Իսկ մրցաշարի գործող չեմպիոն հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը 2015-ի առաջին շախմատային մրցաշարում բավարարվեց 9-րդ հորիզոնկանով:

Վերջին 13-րդ տուրում ՖԻԴԵ-ի առաջին համար նորվեգացի Կարլսենը սպիտակ խաղաքարերով խաղաղ դաշն կնքեց խորվաթ Իվան Շարիչի հետ պայքարում և մրցաշարն ավարտեց ակտիվի 9 միավորով:

Tata Steel շախմատային սուպերմրցաշարի քառակի հաղթող Լևոն Արոնյանը Վեյկ Ան Զեեում հաղթողի տիտղոս է նվաճել 2007-ին, 2008-ին, 2012-ին և 2014-ին: Հայ գրոսմայստերը վերջին տուրում սպիտակ խաղաքարերով զիջեց չինացի Դին Լիրենին և 5.5 միավորով Լեհաստանի ներկայացուցիչ Ռադոսլավ Վոյտաշեկի հետ բաժանեց 9-10-րդ հորիզոնականները: Հայաստանի ուժեղագույն գրոսմայստերը, 13 տուրերում հաղթեց միայն վրացի Բահադուր Ջոբավային, պարտվեց Մագնուս Կարլսենին, Ուեսլի Սոյին և Դին Լիրենին, իսկ 9 պարտիա ավարտեց ոչ-ոքի:

Այսպիսով՝ Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաաքում կայացող ամենամյա շախմատային սուպերմրցաշարի լավագույն եռյակը կազմեցին նորվեգացի Մագնուս Կարլսենը՝ 9 միավոր, Ֆրանսիայի ներկայացուցիչ Մաքսիմ Վաշյե-Լագրավը՝ 8,5 միավոր և հոլանդացի Անիշ Գիրին ակտիվի 8,5 միավորով: