Օբաման չի հանդիպի Վաշինգտոն հրավիրված Իսրայելի վարչապետին

Պատճառն այն է, որ հրավերը հղել է Ներկայացուցիչների պալատի հանրապետական խոսնակը։

Իրանի հետ բանակցությունների շուրջ Միացյալ Նահանգներում անհամաձայնություն է նկատվում նախագահ Բարաք Օբամայի և հանրապետական օրենսդիր մեծամասնության միջև:

Սպիտակ տունը հայտարարել է, որ Օբաման չի հանդիպելու Ներկայացուցիչների պալատի ղեկավար Ջոն Բեյների կողմից Վաշինգտոն հրավիրված Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ: Նեթանյահուն հրավիրվել է, որպեսզի Կոնգրեսում իր կարծիքը հնչեցնի Միացյալ Նահանգների և Իրանի միջև բանակցությունների վերաբերյալ, որոնք կվերսկսվեն փետրվարին:

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին իր զարմանքն է հայտնել այն փաստով, որ այլ երկրի պետության վարչապետին հրավիրում է օրենսդիր պալատի ղեկավարը, սակայն նշել է, որ Իրանի հարցը բոլորին է անհանգստացնում: «Իսրայելի վարչապետը կարող է անշուշտ խոսել Ամերիկայում ցանկացած պահի», - ավելացրել է Քերրին:

Ջոն Բեյները սակայն հայտարարել է, որ որպես օրենսդիր մարմնի ղեկավար կարող է ինքնուրույն Միացյալ Նահանգներ հրավիրել այլ պետությունների ղեկավարներին:

«Աշխարհում լուրջ վտանգներ կան, որոնց նախագահը լուրջ չի վերաբերվում», - լրագրողներին ասել է Ներկայացուցիչների պալատի հանրապետական խոսնակը, ավելացնելով, որ Իսրայելի վարչապետը ներկայացնելու է իսլամիստական ծայրահեղականությունից բխող վտանգների մասին իր դիրքորոշումը:

Եվրամիության առաջատար երկրների ղեկավարներն իրենց աջակցությունն են հայտնել նախագահ Օբամայի քաղաքականությանն Իրանի վերաբերյալ, կոչ անելով ավելորդ պատժամիջոցների փոխարեն հնարավորություն տալ բանակցություններին: