Այսօր Գյումրի են ժամանել Ռուսաստանի Դաշնության պատգամավորներն իրենց հայ գործընկերների հետ։
Ռուս պատգամավորները նախ այցելեցին «Շիրակ» գերեզմանատուն, որտեղ ծաղիկներ դրեցին և մեկ րոպե լռությամբ հարգեցին սպանված Ավետիսյանների ընտանիքի անդամների հիշատակը։
Պետդումայի ԱՊՀ-ի գործերի կոմիտեի առաջին փոխնախագահ Օլեգ Լեբեդևը Պետդումայի պատգամավորների անունից նախ իր ցավակցությունը հայտնեց Ավետիսյանների հարազատներին։ Ռուս պատգամավորն ասաց, որ հայ պատգամավորների հետ քննարկել և որոշել են ստեղծել հայ-ռուսական պատգամավորական խումբ, որը կհետևի նախաքննության ողջ ընթացքը։
«Մենք առավելագույնս բաց և թափանցիկ կլինենք, կհանդիպենք ձեզ հետ, կզեկուցենք հետաքննության արդյունքների մասին»,- լրագրողներին խոստացավ Լեբեդևը։
Լեբեդևին փոխանցվեց գյումրեցիների պահանջը, ովքեր փողոց էին դուրս եկել և պահանջում էին դաժան սպանությունների մեջ կասկածվող ռուս զինվորին հանձնել հայ իրավապահներին։
Լեբեդևն ասաց՝ դեռ նախաքննություն է ընթանում, դրա ավարտից նոր միայն որոշում կկայացվի.- «Ոչ ոք իրավունք չունի խառնվելու նախաքննության ընթացքին և Հայաստանի, և Ռուսաստանի օրենքներով։ Քննության ընթացքում կբացահայտվեն փաստեր և քննության արդյունքներից ելնելով կկայացվի որոշում»։
Ռուս պատգամավորն հավելեց, որ ամեն ինչ արվում է այս անմարդկային ոճրագործությունը բացահայտելու համար՝ հիշեցնելով, որ օրեր առաջ ՌԴ քննչական կոմիտեի նախագահն անձամբ էր եկել Հայաստան, ու համատեղ շտաբ է ձևավորվել հայ և ռուս բարձր որակավորում ունեցող քննիչների ներգրավմամբ։
«Այս պահին քննությունն իրականացվում է Հայաստանի տարածքում, և որոշում է կայացվել, որ դատը ևս Հայաստանի տարածքում է անցկացվելու: Իմ անձնական կարծիքով՝ ամեն ինչ արվում է բաց ու արդարացի պատժի հասնելու համար և ես վստահ եմ, որ այդպես էլ կլինի։ Այս ողբերգությունը ոչ միայ հայ, այլ նաև ռուս ժողովրդինն է»,- ասաց Լեբեդևը։
Կարծիքներ է հնչում, որ տեղի ունեցած ողբերգությունն ազդել է հայ-ռուսական հարաբերությունների վրա: Օլեգ Լեբեդևն ասաց.- «Այս հրեշավոր ոճրագործությունը, ցավոք, կարող է փորձաքար դառնալ, բայց ես վստահ եմ, որ դա տեղի չի ունենա»։
Ինչ վերաբերում է Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազային, ապա պատգամավորն ասաց, թե երբ վերադառնան, Պետդումայում նախաձեռնությամբ հանդես կգան, որ բազայում այսուհետ միայն պայմանագրային, հատուկ պատրաստություն անցած զինծառայողներ ծառայեն։