Ներկայացվեցին «Ցեղասպանագիտական հանդես»-ի անդրանիկ համարները

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն այսօր ներկայացրեց «Ցեղասպանագիտական հանդես»-ի առաջին երկու համարներն ու «Հայոց ցեղասպանության ուսումնասիրության միջազգային ամսագիրը» (անգլերեն):

Նման ամսագիր, ինչպես նշեցին շնորհանդեսի կազմակերպիչները, առաջին անգամ է հրատարակվում: Նրանք հատուկ ընգծեցին, որ միջազգային ամսագիրը չի լինելու «Ցեղասպանագիտական հանդես»-ի անգլերեն տարբերակը:

«Թանգարանի համար սա իսկապես պատմական իրադարձություն է, որովհետև մենք լրացնում ենք շատ կարևոր մի բաց թե՛ հայաստանյան գիտության մակարդակով, թե՛ միջազգային գիտության մակարդակով, որի հիմնական նպատակը Հայոց ցեղասպանության ուսումնասիրության ընդգրկուն թեմատիկ մի ամսագրի լույս աշխարհ բերելն է, և մեզ դա հաջողվել է», - ասաց թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:

Ամսագրի խմբագրակազմի անդամ Հարություն Մարությանը «Ազատության» հետ զրույցում փոխանցեց, որ ծրագրում են տարեկան տպագրել «Ցեղասպանագիտական հանդես»-ի և «Հայոց ցեղասպանության ուսումնասիրության միջազգային ամսագրի» երկուական համար:

Գլխավոր խմբագրի տեղակալ, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը տեղեկացրեց, որ այս տարի Ցեղասպանագիտության 12-րդ միջազգային գիտաժողովն անցկացվելու է Հայաստանում: Ակնկալվում է ավելի քան 250 հեղինակավոր գիտնականների մասնակցությունը:

Նորաստեղծ պարբերականներում, ինչպես փոխանցեց Մանուկյանը, կարող է լույս տեսնել Հայոց ցեղասպանության վերաբերյալ ցանկացած հոդված (նաև օտարազգի հեղինակների)․ - «Կարող է լինել և՛ պատմություն, և՛սոցիոլոգիա, և՛ հոգեբանություն, և՛ լեզվաբանություն, և՛ իրավունք»:

«Հայոց ցեղասպանության ուսումնասիրության միջազգային ամսագիր»-ը կուղարկվի աշխարհի ավելի քան 50 գիտական կենտրոններ, համալսարաններ, այդ թվում՝ Թուրքիայում:

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ, ինչպես լրագրողների հետ զրույցում ներկայացրեց Հայկ Դեմոյանը, նախատեսված են նաև այլ հրատարակություններ՝ մեկական գիրք ամեն ամիս: Առաջինը կլինի «Հարյուր լուսանկարչական պատմություն Հայոց ցեղասպանության մասին» գիրքը:

«Մենք մի բացառիկ հատոր ենք ներկայացնելու: Դա հիմնականում բնօրինակներից վերցված լուսանկարներ են: Հարյուր ընտրված լուսանկարներ, որոնք ներկայացնում են Ցեղասպանության այս կամ այն դրվագը՝ իրենց մանրամասն պատմություններով: Ոչ միայն լուսանկար է, այլև պատմություն է: Մենք կներկայացնենք հայերենը, բայց այս պահին ևս մեկ ուրախալի լուր՝ ռուսերեն և անգլերեն տարբերակները ավարտական փուլում են: Մտածում ենք նաև ֆրանսերենի ու գերմաներենի մասին, որովհետև այս լուսանկարները հազար տեքստից ավելի խոսուն են»: