Սուգ չհայտարարելը «դիվանագիտական վրիպում էր»

Your browser doesn’t support HTML5

Մի ամբողջ ընտանիքի սպանությունից հետո արդեն ավելի քան մեկ շաբաթ է անցել, բայց Հայաստանում այդպես էլ սգո օր չհայտարվեց՝ չնայած բազմաթիվ հորդորներին ու սոցիալական ցանցերում հնչող պահանջներին։

Իշխանությունները պաշտոնապես չբացատրեցին, թե որն էր պատճառը, բայց փորձագետները վստահ են՝ ողբերգական առիթը կար։ Քաղաքական և բարոյական առումով ճիշտ կլիներ սգո օր հայտարարելը, կարծում է դեսպան Արման Նավասարդյանը։

«Դա կլիներ սիմետրիկ տեղի ունեցած ողբերգությանը»,- ասաց Նավասարդյանը։

Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի ամբիոնի վարիչ Արման Նավասադյանը հավելում է, որ սգո օր հայտարարելու մասին գրավոր կարգավորում չկա, որոշումը կայացնում են երկրի իշխանությունները, երբ անհրաժեշտ են համարում։

Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը լրագրողների հետ զրույցում օրեր առաջ նշել էր՝ սգո օր չհայտարարվեց, որովհետև Հայաստանում այդ մշակույթը չկա։ Սակայն նախկինում Հայաստանում առնվազն 5 անգամ սուգ հայտարարվել է. երկու անգամ բարձրաստիճան պաշտոնյայի մահից հետո, երկու անգամ վթարված ինքնաթիռների զոհերի հիշատակը հարգելու համար, 1999 թվականին էլ սգո օրեր էին հոկտեմբերի 27-ին հաջորդած երկու օրերը։

Արման Նավասադյանի կարծիքով՝ Գյումրիում տեղի ունեցածից հետո սգո օր չհայտարարելը դիվանագիտական վրիպակ էր.- «Ես չեմ հասկանում, թե ինչու դա չի արվել, անպայման պետք է արվեր։ Սա, իհարկե, համարում դիվանագիտական վրիպում»։

Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը նույնպես նշում է, որ նախագահը պետք է սպանություններից հետո ցավակցական ուղերձ հղեր ու հայտարարեր սգո օր։

«Բայց դրա համար պետք է ցուցաբերել անհրաժեշտ առաջնորդություն կամ հաղորդակից լինել այդ մարդկանց վշտի հետ։ Պարզապես մարդը եթե զգում է, թե ինչպես է իր երկիրը ալեկոծվում, Գյումրիում ինչ ալիք է բարձրանում... և անհաղորդակից մնալը, մեկ շաբաթ լռելը հատուկ է միայն Հանրապետական կուսակցության ղեկավարությանը»,- ասաց Կարապետյանը։

Եթե Հայաստանում հայտարարվեր սգո օր, երկրի բոլոր դեսպանություններում պետք է բացվեին սգո մատյաններ, դրոշները իջեցվեին, հետաձգվեին տոնական միջոցառումներն ու հաղորդումները։ «Ազատության» հարցին, թե արդյոք Հայաստանի իշխանությունները միջազգային աղմուկից խուսափելու համար չդիմեցին այդ քայլին, Վլադիմիր Կարապետյանը հրաժարվեց պատասխանել՝ նշելով, որ բացատրությունները բազմապիսի կարող են լինել։

«Պատճառները կարող են բազմազան լինել, բայց այն, որ ոչ մի պետական ինստիտուտ համապատասխան պրոֆեսիոնալիզմ չի ցուցաբերել, ոչ մի պետական ինստիտուտ չի գործել այնպես, որ ժողովուրդը հասկանար, որ ղեկավար կա և հաղորդակից է իր վշտին, ակնհայտ է»,- կարծում է ՀԱԿ-ի ներկայացուցիչը։

Դեռ 2008-ին նախագահ Սերժ Սարգսյանը իր բլոգում բացատրել էր, թե ինչու մարտի 1-ի հաջորդ օրը, երբ պարզվեց, որ երկրում 10 զոհ կա, սուգ չհայտարարվեց, նա գրել էր, որ «սովորաբար սուգ հայտարարում են այն դեպքերում, երբ հասարակությունը միանշանակ գնահատական է տալիս տեղի ունեցածին, երբ տեղի ունեցածը որևէ շահարկման հնարավորություն չի թողնում»:

Արձագանքելով նախագահի այդ դիտարկմանը՝ փորձագետները նկատում են, որ գոնե Գյումրիի դեպքում հասարակությունը միանշանակ գնահատական էր տվել՝ երկում ողբերգություն էր տեղի ունեցել։ Մարդիկ ոչ միայն ծաղիկներ էին տեղադրում երկրի տարբեր քաղաքների հրապարակներում, այլև արձագանքում էին սոցցանցում։

«Համացանցում ինքնաբուխ սգո օր էր»,- նկատում է մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը.- «Հայաստանի «Ֆեսյբուք»-ի օգտատերերի համարյա 80 տոկոսը փոխել էր իր նկարը՝ փոխարենը տեղադրելով սև վանդակ»։