Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի խմբակցությունները և պատգամավորական խումբը երեքշաբթի օրը հայտարարությամբ են հանդես եկել Բաքվի հայ բնակչության ջարդերի 25-րդ տարելիցի կապակցությամբ։
«1990 թվականի հունվարի 13-19-ը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում պետական մակարդակով կազմակերպվել և իրականացվել է հայ բնակչության զանգվածային կոտորած: Զուտ ազգային պատկանելության համար տեղի շուրջ 400 հազարանոց հայ համայնքն ենթարկվել է բռնությունների, կոտորածի ու բռնատեղահանվել քաղաքից: Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները նշում են 400-ը անցնող զոհերի մասին, այդ թվում՝ ծերեր, կանայք և երեխաներ», - հայտարարում են Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի «Դաշնակցություն», «Ժողովրդավարություն», «Հայրենիք» խմբակցությունները և «Արցախատուն» պատգամավորական խումբը։ - «1990 թվականի հունվարին Բաքվում փաստորեն կրկնվել է 1988 թվականի փետրվարին Սումգայիթում տեղի ունեցած բռնությունների սցենարն՝ անհամեմատ մեծ մասշտաբներով, որի հետևանքով քաղաքն ամբողջովին հայաթափվել է»:
Հայտարարության հեղինակների համոզմամբ՝ Բաքվի հայ բնակչության ջարդերը և բռնատեղահանությունը լիովին ներգրվում են «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայով սահմանված «ցեղասպանություն» իրավական հասկացության մեջ:
«Պետական մակարդակով ահաբեկչությունը շարունակվել է նաև Լեռնային Ղարաբաղում, որի գերակշիռ հայ բնակչության հանդեպ Ադրբեջանի իշխող վերնախավը 1991 թվականի ապրիլ-օգոստոս ամիսներին իրականացրել է «Կոլցո» ռազմագործողությունը, որի հետևանքով բռնատեղահանվել, հրդեհվել և կործանվել է 24 հայկական գյուղ, զոհվել են բազմաթիվ անմեղ մարդիկ: Արցախից հայ բնակչությունը բռնատեղահանելու, զանգվածային կոտորած կազմակերպելու Ադրբեջանի պետական նպատակադրված քաղաքականությունն իրականություն չի դարձել միայն արցախահայության զինված ինքնապաշտպանության շնորհիվ», - ասված է հայտարարությունում, որը տարածել է Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։
Բաքվի հայաթափումից անցած 25 տարիներին, ըստ հայտարարության, «Ադրբեջանում ցինիկաբար նենգափոխվում է 1990 թվականի «սև հունվարի» էությունը. փորձում են պատմության էջերից ջնջել Բաքվի բնիկ հայ ազգաբնակչության ցեղասպանության քաղաքականության հետքերը»:
Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի խմբակցությունները և պատգամավորական խումբը դատապարտում են էթնիկ անհանդուրժողականության, այլատյացության, ծայրահեղականության ցանկացած դրսևորում, վերահաստատում, որ «Արցախի Հանրապետությունը հետամուտ է լինելու, որպեսզի Ադրբեջանում հայ ժողովրդի ցեղասպանության ծրագրի, գործադրված զանգվածային բռնությունների, պատերազմական հանցագործությունների կազմակերպիչները և իրականացնողները, համաձայն միջազգային իրավունքի նորմերի, ենթարկվեն պատասխանատվության», կոչ են անում ՄԱԿ-ին, ԵԽ-ին, ԵԱՀԿ-ին, նրա Մինսկի խմբի համանախագահ երկրների խորհրդարաններին՝ դատապարտել Բաքվի հայ բնակչության ջարդերը, դրանց տալ իրավական գնահատական: «Դա ոչ միայն տուժողի իրավունքն է, այլև միջազգային ատյանների պարտավորությունը, քանի որ ցեղասպանությունը ոճիր է համայն մարդկության դեմ», - ասված է հայտարարությունում։