Ռուսաստանի դեսպանություն․ «Սգում ենք ամբողջ հայ ժողովրդի հետ»

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկին, արխիվ

Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը երեկ ուշ երեկոյան հայտարարությամբ է հանդես եկել փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի մահվան կապակցությամբ:

«Սգում ենք ամբողջ հայ ժողովրդի հետ: Մինչև վերջին րոպեն մենք բոլորս հույս ունեինք և աղոթում էինք Սերյոժա Ավետիսյանի համար, հանուն որի կյանքի պայքարում էին հայաստանցի և ռուսաստանցի բժիշկները: Ցավոք, հրաշք տեղի չունեցավ, թեև մենք բոլորս շատ սպասում և հավատում էինք դրան», - ասված է հայտարարությունում:

«Երեխայի կորուստը ահավոր վիշտ է: Չկան բառեր՝ ինչ-որ ձևով թեթևացնելու համար տեղի ունեցած սարսափելի ողբերգության պատճառած ցավը: Սակայն այդ պայմաններում ևս պետք է մարդ մնալ: Մեծամասնությունը դա հասկանում է: Սուգը վիշտ է և աղոթք», - հայտարարում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը:

«Մենք բոլորս պետք է տեղի ունեցած ողբերգությունից դաս քաղենք և անենք ամեն ինչ, որպեսզի նման բան չկրկնվի: Կարող ենք հավաստիացնել, որ հանցագործը և նրանք, ովքեր կարող էին նրա ետևում կանգնած լինել, կկրեն իրենց արժանի պատիժը», - իր հայտարարությունն ամփոփում է դեսպանությունը: