6 ամսական Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակը վատացել է

Your browser doesn’t support HTML5

Բժիշկների խոսքով, երեխայի մոտ խորացել է երիկամային և սրտանոթային անբավարարությունը:

Գյումրիի սպանդից փրկված 6 ամսական Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակն այսօր գիշերը վատացել է: Արդեն 7-րդ օրը կյանքի համար պայքարող երեխայի մոտ խորացել է երիկամային և սրտանոթային անբավարարությունը:

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանի խոսքով, ռուս և հայ առաջատար մասնագետների համատեղ որոշմամբ, կեսգիշերից անց կատարվել է պերիտոնեալ դիալիզ: Ըստ Դալլաքյանի, եթե դիալիզ չարվեր, երեխան կսկեր այտուցվել։

«Շղթայական ռեակցիայով բերում է հեղուկի և շլակների կուտակմանը օրգանիզմում և այտուցվում է երեխան։ Հաշվի առնելով, որ բոլոր կոնսերվատիվ դեղորայքային մեթոդներն իրենց սպառել էին, մենք երեկոյան՝ կոնսիլիումից հետո, որոշեցինք կիրառել ամենացուցված և միակ տարբերակը՝ պերիտոնեալ դիալիզ», - ասաց բժշկական կենտրոնի տնօրենը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սերժ Սարգսյանի հետ հեռախոսազրույցում պատրաստակամություն էր հայտնել՝ հնարավոր բոլոր միջոցները ձեռնարկել երեխայի բուժումը Ռուսաստանում շարունակելու համար: Բժիշկների խոսքով, սակայն, այս պահին երեխային անգամ առաջին հարկից երկրորդ հարկ իջեցնելը կարող է խիստ ճակատագրական լինել։

«Նույնիսկ երեխայի տեղափոխումը Գյումրիից մեզ մոտ եղել է շատ և շատ պրոբլեմատիկ, և մենք կարող էինք կորցնել մի քանի անգամ երեխային ճանապարհին։ Երեխան այս վայրկյանին տեղափոխման ենթակա չէ, նույնիսկ առաջին հարկ իջեցնելը կարող է լինել ճակատագրական», - ասաց Դալլաքյանը։

Ուղեղի սնուցումը՝ որը պատասխանատու է ամբողջ օրգանիզմի համար, երեխայի մոտ դեռ վերականգնված չէ: Հետագա հաշմանդամությունը կանախելու նպատակով օրեր առաջ երեխան վիրահատվել էր:

Նիկոլայ Դալլաքյանն ասաց, որ այս օրերին իրեն հաճախ են հարցնում, թե առողջանալու դեպքում արդյո՞ք երեխան հաշմանդամություն կունենա:

«Նման կրիտիկական ժամանակահատվածում նմանատիպ կանխատեսումներ անելն անմտություն կլիներ, մենք ամբողջ ժամանակահատվածը վարել ենք պայքար՝ օգտագործելով և Հայաստանի բոլոր կլինիկաների ներուժը, և նաև Մոսկվայից էին ժամանել առաջատար մասնագետներ։ Իրար հետ գիշեր-ցերեկ աշխատել ենք՝ երեխաի կյանքը փրկելու ուղղությամբ», - ասաց բժշկական կենտրոնի տնօրենը։

Սանկտ Պետերբուրգի հայտնի մանկական կլինիկաներից մեկի ղեկավար, փորձառու բժիշկ Վիլյամ Խաչատրյանը զարհուրած նշեց, որ այսպիսի վնասվածքներով 6 ամսական երեխայի ինքը դեռ չէր տեսել։

«Այն, որ այդպիսի ծանր հիվանդը՝ այդ հասակի երեխան հիմա կենդանի է, դա արդեն հրաշք է։ Դուք չեք տեսնի ոչ մի տեղ այդքան տարբեր վնասվածքներ, այդքան հաճախ 6 ամսական երեխայի մոտ», - ասաց Խաչատրյանը։

Փոքրիկ Սերյոժային օգնություն ցուցաբերելու տարբեր նախաձեռնություններ են ֆեյսբուքում ստեղծվել. «Կրծքով կերակրող մայրեր» ֆեյսբուքյան նախաձեռնության անդամներն առաջարկում են իրենց երեխայի կաթը հատկացնել Սերյոժային:

Կարևոր համարելով հատկապես մայրերի համախմբվածությունը՝ բժիշկն ասաց, որ փոքրիկն այսօր որևէ բանի կարիք չունի:

Սերյոժայի հորաքույրը՝ Լուսինե Ավետիսյանը, «Ազատության» հարցին ի պատասխան, ասաց, որ երեխային ոչ մեկին որդեգրության չի հանձնի, այժմ աղոթում է, որ ընտանիքից ողջ մնացած միակ հույսն ապաքինվի, որպեսզի շարունակի նրան մեծացնել իր երկու երեխաների հետ միասին: