Քննչական կոմիտե. պարզվել է, թե Պերմյակովն ինչպես է մուտք գործել Ավետիսյանների տուն

Ավետիսյանների տան մուտքը, 12-ը հունվարի, 2014թ.

Քրեական գործով պարզվել է, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանության մեջ մեղադրվող ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը Ավետիսյանների տուն մուտք է գործել մուտքի դռան ապակյա բացվածքի շրջանակները հանելու, ապակին կոտրելու միջոցով։

Այս մասին ասված է Հայաստանի քննչական կոմիտեի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության մեջ։ Կոմիտեից նաև տեղեկացնում են, որ երեկ Գյումրիում քննչական խումբը փորձագետների հետ կատարել է հանցագործության կատարման վայրի լրացուցիչ զննություն։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ։

Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն, ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարվել է պարզել հանցագործության կատարման վայրին հարակից տարածքներում տեսանկարահանող սարքերի առկայությունը և այդպիսիք հայտնաբերելու դեպքում դրանք ներկայացնել վարույթն իրականացնող մարմնին։

«Բջջային հեռախոսի օպերատորից պահանջվել են Ավետիսյանների ընտանիքի անդամների ելքային ու մուտքային հեռախոսազանգերի վերծանումները՝ նկատի ունենալով, որ քրեական գործով կան հիմքեր ենթադրելու, որ սպանություններն իրականացրած անձը կարող էր հափշտակած և օգտագործած լինել նաև տուժողների հեռախոսները»։

«Միջոցներ են ձեռնարկվում պարզելու ինչպես առերևույթ հանցանքը կատարելուց հետո ՌԴ զինծառայողի փախուստի ուղին, նրա հնարավոր թաքստոցները, բռնվելու հանգամանքները, այնպես էլ` նրա շարժը՝ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի տարածքը լքելուց հետո մինչև Ավետիսյանների տուն հասնելը», - մասնավորապես ասված է հաղորդագրության մեջ: