Moody's-ը իջեցրել է Հայաստանի պետական պարտատոմսերի վարկանիշը

Your browser doesn’t support HTML5

Հեղինակավոր միջազգային վարկանիշային գործակալությունը Հայաստանի պետական պարտատոմսերի հեռանկարները «կայունից» վերավորակավորել է «բացասականի»։

Կազմակերպության պաշտոնական կայքէջում վերաորակավորման հիմնական գործոնների թվում նշվում է, մասնավորապես, Ռուսաստանից ստացվող դրամական փոխանցումների ծավալի նվազումը, Ռուսաստանի տնտեսության անկմամբ պայմանավորված՝ Հայաստանի տնտեսության թուլացումը և ներդրումների մակարդակի անկումը։

Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցելուց ընդամենը երկու շաբաթ անց հրապարկելով այս զեկույցը՝ Moody's-ը իր գնահատականը կապում է նաև ԵՏՄ-ի ազդեցության հետ՝ նշելով․ - «Որակավորումը պայմանավորված է մի կողմից երկրի տնտեսական զարգացման բարդ հեռանկարների, մյուս կողմից՝ Ռուսաստանի տնտեսության բացասական զարգացումների, ներդրումների ցածր մակարդակի ու ԵՏՄ-ից դուրս առևտրային սահմանափակումների ու խոչընդոտների հետ: Սա այն է, ինչ կարելի է սպասել Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությունից»:

Կազմակերպությունը մանրամասնում է հայաստանյան տնտեսության վրա ԵՏՄ-ի ազդեցությունը՝ ընդգծելով, մասնավորապես, ներկրվող ապրանքների թանկացման հեռանկարը, ինչի մասին ավելի քան մեկ տարի է խոսում են Ռուսաստանի նախաձեռնությամբ ստեղծված ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության ընդդիմախոսները։

Փորձագետների գնահատականները

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ բացասական այս կանխատեսումները սպասելի էին․ - «Եվ իհարկե մյուս հանգամանքը․ որ ԵՏՄ-ին անդամակցության արդյունքում տեղի է ունենալու մեր ներքին շուկայում գների բարձրացում՝ դեղորայքին է վերաբերում, սննդամթերքին է վերաբերում: Հիմնականում երրորդ երկրներից ներկրվող ապրանքներին: Իսկ քանի որ Հայաստանը մոտ երեք անգամ ավելի շատ ներկրում է, քան արտահանում է, այդ առումով էլ հենց երբ Moody's-ը գնահատում է ստեղծված իրավիճակը տնտեսության, իր գնահատականները պետք է լինեն բացասական»:

Moody's-ը նաև կանխատեսում է, որ ԵՏՄ-ին ինտեգրումը ավելի բարդ կլինի Հայաստանի համար, քան գործընկեր երկրներ Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի համար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ միության մյուս անդամների հետ Հայաստանն ընդհանուր սահման չունի։

«Միջազգային հեղինակավոր կազմակերպության այս զեկույցը եկավ ապացուցելու, որ Հայաստանի իշխանությունների հայտարարությունները իրականության հետ որևէ կապ չունեն», - ասաց Խաչատրյանը՝ հիշեցնելով խոստումները, թե ԵՏՄ-ն տնտեսական մեծ օգուտներ կբերի Հայաստանին:

Հարվարդի շրջանավարտ, Arrow Global ներդրումային ընկերության տնօրեն Սամսոն Ավետյանի կարծիքով, եթե կառավարությունը նախկինում մի շարք գործողություններ իրականացներ՝ օրինակ, մեծացներ արտահանումը, ունենար արտարժույթի համապատասխան պետական պահուստներ, իրավիճակը քիչ թե շատ բարվոք կլիներ․ - «Իրենք կարող է իջեցնեին, որովհետև ցիկլիկ է տնտեսությունը, համաշխարհային տնտեսության հետ կապված է, կարող է մենք էլ որևէ դժվարություններ ունենայինք: Բայց մենք շատ ավելի լավ դիրքում կլինեինք, ու այդ շոկերը, այդ տատանումները, որոնք հիմա են տեղի ունենում աշխարհում, շատ ավելի հեշտ ձևով․․․ ավելի մեծ պահուստներ կունենայինք, ավելի մեծ ռեզերվներ կունենայինք»:

ԲՀԿ-ական պատգամավոր, տնտեսագետ Միքայել Մելքումյանը անդրադառնալով այս կանխատեսումներին՝ ասաց, որ աղքատության մակարդակն է՛լ ավելի կբարձրանա․ - «Նշանակում է, մի կողմից, մենք արդյունքում կունենանք աղքատության մակարդակի աճ: Այսինքն սպառողական պահանջարկի նվազումը բերելու է աղքատության մակարդակի բարձրացում, որովհետև անցյալ տարվա հուլիսի 1-ից աշխատավարձերի բարձրացումը փաստորեն գնաճի և այդ ամեն ինչի արդյունքում աղքատության շեմի որոշակի տեղաշարժ պետք է լինի: Ես դա եմ ակնկալում: Ճիշտ է, գնահատականները դեռ չկան, բայց ես կարծում եմ, որ, ցավոք սրտի, մենք դա պետք է ունենանք»:

Ստեղծված իրավիճակը մեղմելու համար Մելքումյանը մի շարք առաջարկներ ունի կառավարությանը՝ օրինակ, էժան վարկային ռեսուրսներ ներգրավել, գործարար ոլորտում նվազեցնել գրավադրված գույքի ծավալները։

Տնտեսական մեկնաբան Բաբկեն Թունյանը Moody's-ի զեկույցը համարում է նախազգուշացում ԵՏՄ-ի հետ հարաբերությունները զարգացնող Հայաստանի համար՝ Հայաստանի տնտեսության վիճակը նոր կառույցում է՛լ ավելի է վատանալու։

Վահագն Խաչատրյանի խոսքով, նման զեկույցներ առաջիկայում էլի կհրապարակվեն։

Նշենք, որ կառավարությունից առայժմ խուսափում են մեկնաբանություններից։