Հիշեցնենք, անցյալ տարի Հայաստանի նախագահն էր Ռեջեփ Էրդողանին ապրիլի 24-ին հրավիրել Երևան՝ ներկա լինելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի արարողություններին:
Սարգսյանի նամակը փոխանցել էր Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ով անցյալ տարի ներկա էր Ռեջեփ Էրդողանի՝ Թուրքիայի նախագահի պաշտոնը ստանձնելու արարողությանը:
Սերժ Սարգսյանի հրավերին Էրդողանը փաստորեն պատասխանեց իր հրավերով:
Կառավարության պաշտոնյաներից մեկը Hurriyet Daily News-ին ասել է, որ Գալիպոլիի ճակատամարտում կռվել են էթնիկ շատ խմբեր, այդ թվում՝ հայեր: «Ահա թե ինչու մենք հրավեր ենք հղել նաև Սարգսյանին», - ասել է Թուրքիայի կառավարության պաշտոնյան:
Hurriyet Daily News-ը գրում է, որ Էրդողանը աննախադեպ դիվանագիտական քայլ է կատարել՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին հրավիրելով մասնակցել Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակը նշելու արարողություններին, որը համընկնում է հիշատակի օրվան:
Թերթը նշում է, որ ապրիլի 24-ը այն օրն է, երբ Թուրքիայի կառավարությունը հայերին տեղահանելու հրամանագիր է ստորագրել, որի արդյունքում Անատոլիայի երկար ճանապարհներին մեկ միլիոնից ավելի հայեր մահացան: Հայաստանը և հայկական սփյուռքը այս օրը նշում են որպես Օսմանյան կայսրությունում իրականացված ցեղասպանության օր ու զանգվածային միջոցառումներ են պլանավորում՝ նշելու զանգվածային սպանությունների 100-րդ տարելիցը:
Նույն օրը Սարգսյանը աշխարհի երկրների առաջնորդներին հրավիրել է Երևան՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի արարողություններին:
1915-16 թվականներին Գալիպոլիի ռազմական գործողությունների արդյունքում օսմանյան բանակը հաղթել է դաշնակիցների զորքերին, ջախջախել Ավստրալիայի ու Նոր Զելանդիայի նավատորմի ռազմանավերը, դաշնակիցների միացյալ ուժերը փորձում էին գրավել Դարդանելի նեղուցը վերահսկող թերակղզին: 1915-ի ապրիլի 25-ին ավստրալական ու նորզելանդական ռազմանավերից զորքեր էին իջեցվել թերակղզի թուրքական հրետանային համակարգը գրավելու համար, բայց դաժան ճակատամարտում նրանք պարտվել են:
Ակնկալվում է, որ Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակը նշելու արարողություններին ներկա են լինելու Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզը՝ երկու որդիների հետ, Ավստրալիայի ու Նոր Զելանդիայի վարչապետները, 102 երկրների ղեկավարների թվում Էրդողանը Թուրքիա է հրավիրել նաև ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային:
Ամեն դեպքում, Hurriyet Daily News-ը գրում է, որ Միացյալ Նահանգների ու Հայաստանի նախագահների այցելությունը Թուրքիա չի ակնկալվում: