Գյումրիից Երևան տեղափոխված վիրավոր ոստիկանը վիրահատվել է

Your browser doesn’t support HTML5

Երեկ գիշեր Գյումրիից Երևան տեղափոխված վիրավոր ոստիկաններից մեկը՝ 32-ամյա Հրանտ Ավետիսյանը վիրահատվել է, «Ազատության»-ը փոխանցեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն Գագիկ Մանուկյանը։

Մանուկյանի խոսքով, ոստիկանի մոտ առկա է եղել ճակատոսկրի բեկորային կորվածք: Վիրահատությունը հաջող է անցել: Հիվանդը գիտակից վիճակում է և այսօր կտեղափոխվի հիվանդասենյակ՝ հետագա բուժման համար:

Հիշեցնենք, երեկ երեկոյան Գյումրիում Ռուսաստանի Դաշնության հյուպատոսարանի մոտ ոստիկանների և ցուցարարների միջև բախումների պատճառով մարմնական վնասվածքներ է ստացել և Գյումրու բժշկական կենտրոն դիմել 24 քաղաքացի՝ 10 ցուցարար, 14 ոստիկան։ Ավելի ուշ նրանց մասը դուրս է գրվել հիվանդանոցից։ Այժմ հիվանդանոցում են միայն երեք ոստիկաններ, որոնցից մեկը՝ Երևանում, երկուսը՝ Գյումրիում:

Լիլիթ Հարությունյան