Հայաստանի իշխանությունը «փորձում է արդարացում գտնել» Ռուսաստանի քայլերի համար

Your browser doesn’t support HTML5

Վեց հոգու սպանության մեջ կասկածվող ռուս զինվորի հարցը պետք է լուծվի իրավական դաշտում, հնչող բազմաթիվ հարցերին ի պատասխան այսօր հայտարարում են Հայաստանի իշխանության ներկայացուցիչները։ Սակայն ո՞ր երկրի իրավական դաշտում, սա է այս պահին հանրությանը հուզող գլխավոր հարցերից:

Մեկ ժամից ավելի տևած ասուլիսի ընթացքում գլխավոր դատախազը կարևոր հարցերինայդպես էլ հստակ պատասխաններ չտվեց: Օրինակ, թե որտե՞ղ է կայանալու դատական նիստը, ո՞ր երկիրն է արդարադատությունն իրականացնելու, ի վերջո որտե՞ղ է պատիժը կրելու մեղավոր ճանաչված անձը, այս բոլոր հարցերինգլխավոր դատախազը մեկ պատասխան էր տալիս՝ թե դեռ այդ փուլին չեն հասել, երբ հասնեն, քննարկման առարկա կդարձնեն և կտեղեկացնեն:

Փաստաբան Հայկ Ալումյանի կարծիքով՝ դա վկայում է մեկ բանի մասին.- «Ես կարծում եմ՝ գուցե պարոն Կոստանյանին հիմա հայտնի լիներ, հիմա էլ կասեր։ Սա բոլորովին ուրիշ մակարդակում է քննարկվելու և բոլորովին ուրիշ անձանց միջև է որոշումը կայացվելու»։

Այժմ հարուցված է երկու քրեական գործ՝ Հայաստանում՝ սպանության և մարմնական վնասվածքներ պատճառելու փաստի առթիվ, և Ռուսաստանում՝ դասալքության և սպանության փաստերով: Քրեական գործերը հնարավոր է հետագայում միավորվեն մեկ վարույթում, ասաց Կոստանյանը՝ բերելով հետևյալ օրինակը, եթե Հայաստանի քաղաքացին տարբեր մարզերում հանցանքներ է կատարել, ապա հետագայում այդ մարզերում հարուցված գործերը կարող են միավորվել:

Ըստ Հայկ Ալումյանի՝ ռուսական քննչական մարմինները իրավասու չեն գործ հարուցել Հայաստանում տեղի ունեցած սպանության կապակցությամբ:

«Ես չեմ պատկերացնում՝ ինչ իրավական հիմքի վրա է այդ քննչական մարմինը քրեական գործ հարուցել Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող անձի կողմից ՀՀ-ի տարածքում կատարված հանցագործության վերաբերյալ։ Դա նույն է, որ մեր քննչական մարմինները քրեական գործ հարուցեին Հրաչյա Հարությունյանի կողմից Ռուսաստանի տարածքում հանցագործություն կատարելու փաստի առթիվ»,- ասաց Ալումյանը։

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի համար ակնհայտ է, որ ռուսական կողմը վճռել է իր քաղաքացուն չհանձնել Հայաստանին, իսկ Հայաստանի իշխանությունները այժմ փորձում են արդարացում գտնել այդ քայլերի համար:

«Եթե հենց վաղը Ռուսաստանը որոշի այդ քաղաքացուն տեղափոխել Մոսկվա և, ենթադրենք, տեղադրել չորս սենյականոց բնակարանում և խրախուսել նրան բարձրագույն զինվորական աստիճանով, Հայաստանի իշխանությունները ոչինչ անել չեն կարող և չեն կարողանալու։ Բացի դրանից հանձնարարվելու Հայաստանի իշխանության տարբեր տրամաչափի ներկայացուցիչներին բացատրություններ գտնել դրա համար և հայ ժողովրդին բացատրել, թե ինչու այդպես տեղի ունեցավ։ Ուզում եմ ասել, որ Ռուսաստանի հետ փոխհարաբերություններում Հայաստանը կամազուրկ է, իսկ պաշտոնատար անձինք՝ ստրկամիտ»,- ասաց իրավապաշտպանը։

Գևորգ Կոստանյանի հայտարարությանը, թե որքան էլ բազմամարդ լինեն բողոքի ակցիաները, միևնույն է օգուտ չեն տալու, և հարցը կարգավորվելու է միջազգային իրավունքի դրույթներով, Վարդան Հարությունյանն արձագանքում է՝ այս պահին հանրությունը պետք է ազդի ռուսական կողմի վրա, քանի որ ռուսական կողմն է որոշում կայացնողը:

«Մնում է, որ մարդիկ կարողանան այդ վճիռը փոխելու ուղղությամբ քայլեր կատարել և ազդել, որպեսզի փոխվի այդ վճիռը ռուսների կողմից։ Հայկական կողմ շատ շուտվանից չկա արդեն Ռուսաստանի հետ փոխհարաբերություններում»,- ասաց Հարությունյանը։