Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին «չի խոչընդոտի ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների հետագա զարգացումը»

Your browser doesn’t support HTML5

ՆԱՏՕՆ կշարունակի համագործակցությունը Հայաստանի հետ

«ՆԱՏՕ-ն հարգում է Հայաստանի հավասարակշռված արտաքին քաղաքականությունը, և անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը չի խոչընդոտի դաշինքի հետ հարաբերությունների հետագա զարգացումը», - այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափատուրայը։

«Ավելի հստակ լինելու համար ասեմ, որ այն փաստը, որ Հայաստանը հանդիսանում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ և անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը, որևէ կերպ չի խոչընդոտում մեր հարաբերությունների հետագա զարգացումը», - հավելեց Հյուսիսատլանտյան դաշինքի բարձրաստիճան ներկայացուցիչը։

Այսօր Հայաստանի նախագահի, Արտաքին գործերի և Պաշտպանության նախարարների հետ հանդիպումների ընթացքում Ափաթուրայը ի թիվս այլ հարցերի, քննարկել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրներ։

Պատասխանելով տարեսկզբից հայ ադրբեջանական շփման գծում արձանագրված հրադադարի ռեժիմի ինտենսիվ խախտումների ու դրա հետևանքով առաջացած լարվածությանը վերաբերող՝ «Ազատության» հարցին՝ Ափաթուրայն ասաց, որ ՆԱՏՕ-ի բոլոր անդամները իրադարձություններին մտահոգությամբ են հետևում․ - «Այդ բռնության դեպքերն իսկապես մտահոգիչ են ու տպավորություն կա, որ այս անգամ լարվածությունը վերջին տարիներին ամենաբարձրն էր։ Իհարկե, ՆԱՏՕ-ն ներգրավված չէ հակամարտության կարգավորման գործում, բայց մենք, բնականաբար, ակնկալում ենք խաղաղ և դիվանագիտական հանգուցալուծում: Որքան շուտ, այնքան լավ»։

«Ինչ վերաբերում է Գյումրիի միջադեպին, ապա դա ահավոր մարդկային ողբերգություն է, և մենք վստահ ենք, որ իշխանությունները ճիշտ լուծում կգտնեն այս բարդ իրավիճակում», - ասաց Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափատուրայը։