Այս պահին Հայաստանի նախագահի նստավայրի առջև բազմամարդ բողոքի ցույց է. ցուցարարները պահանջում են Հայաստանի իշխանություններից անհապաղ միջոցներ ձեռնարկել Գյումրիի ոճրագործության մեջ կասկածվող ռուս զինվորականին Հայաստանի իրավապահներին փոխանցելու ուղղությամբ։
Տասնյակ ոստիկաններ պատ կազմած ցուցարարներին թույլ չեն տալիս անցնել մայթը՝ բողոքի ակցիան շարունակելու համար։
Քիչ առաջ նախագահի նստավայրից դուրս եկավ Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ով, սակայն, չմոտեցավ հավաքվածներին և սուլոցների, «ամոթ» և «ստրուկ» վանկարկումների ներքո շտապ հեռացավ։
Հավաքվածները քննարկեցին իրենց հետագա գործողությունները։ Չկարողանալով ճեղքել ոստիկանական պատը՝ ցուցարարները որոշեցին բողոքի ակցիան շարունակել վաղը։
Այսօր նման պահանջով բողոքի ակցիա է տեղի ունեցել նաև Գյումրիում, որտեղ ցուցարարները 22 ժամ են տվել դատախազությանը իրենց պահանջի կատարման համար։
Հունվարի 12-ի առավոտյան Գյումրիում սպանվեցին Մյասնիկյան փողոցի թիվ 188 տանը բնակվող Սերյոժա Ավետիսյանը և ընտանիքի հինգ անդամները։ Հիմնական կասկածյալը Հայաստանում ռուսական 102-րդ ռազմակայանի ռուս զինծառայող Վալերի Պերմյակովն է, ով մինչ դեպքը փախուստի էր դիմել զորամասից: Նույն օրը ուշ երեկոյան ռուս սահմանապահները հայ - թուրքական սահմանի մոտ հայտնաբերեցին և ձերբակալեցին Պերմյակովին։
Երեկ Հայաստանի գլխավոր դատախազությունը հայտնեց, որ Գյումրիում տեղի ունեցած սահմռկեցուցիչ հանցագործության հիմնական կասկածյալին Հայաստանի իրավապահներին հանձնելու հարց չի քննարկվում, փաստարկելով, թե Պերմյակովը Ռուսաստանի քաղաքացի է, և այդ երկրի Սահմանադրության համաձայն չի կարող հանձնվել այլ պետության։
Կարլեն Ասլանյան