Ռուսական ընկերության պատճառով էլեկտրաէներգիան կարող է կրկին թանկանալ

Your browser doesn’t support HTML5

Ռուսական ընկերության վատ կառավարման պատճառով սպասվում է, որ էլեկտրաէներգիան առաջիկայում կթանկանա, այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց էներգետիկայի և բնական պաշարների նախարարը:

Երվանդ Զախարյանը մանրամասնեց՝ կառավարման խնդիրների և էլեկտրաէներգիայի գործող սակագնի պատճառով, որը անցած տարվա 10 տոկոս բարձրացումից հետո, այսօր պարզվեց՝ «հիմնականում չի արտացոլում ընկերությունների անհրաժեշտ ծախսերը», «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը հսկայական պարտքեր է կուտակել:

Նախարարըթվեր նշեց՝ ՀԷՑ-ը միայն էլեկտրաէներգիա արտադրող պետական մասնակցությամբ ընկերություններին 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ պարտք է 15.8 միլիարդ դրամ, որից 7.8 միլիարդը ժամկետանց պարտք է: Բացի այդ ընկերության պարտավորությունը բանկերին գերազանցում է 220 միլիոն դոլարը:

Սակայն սա ամբողջը չէ․ նախարարի խոսքից հայտնի դարձավ, որ էլեկտրաէներգիայի գործող սակագնի պայմաններում ընկերությունը չի կարողանա մարել իր պարտքերը։

«Ընդ որում վարկերի սպասարկման հիմնական ծախսերը, առևտրային վարկերի մասին է խոսքը, ներառված չեն սակագնում և լրացուցիչ բեռ են ընկերության համար»,- ասաց նախարարը։

Երվանդ Զախարյանը տեղեկացրեց՝ անցած տարի «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ում էլեկտրաէներգիայի փաստացի կորուստը կազմել է 14.5 տոկոս՝ պլանավորված 12.5-ի փոխարեն։

«Ինչպես գիտեք, 2 տոկոս կորուստը տարեկան մոտավորապես 5 միլիարդ դրամ է»,- նշեց նախարարը։

2006 թվականից ՀԷՑ-ը պատկանում է ռուսաստանյան «Интер РАО ЕЭС» ընկերությանը, որի բաժնետերերից է նաև ռուսական պետությունը՝ ի դեմս «Росимущество» պետական գործակալության:

«Քանի՞ տարի է ընկերությունը նման ֆինանսական վնասներ է կրում՝ էլեկտրաէներգիայի կորուստների պատճառով, և ինչ քայլեր է ձեռնարկում կորուստները նվազեցնելու ուղղությամբ»,- հետաքրքրվեցինք նախարարից: «Վերջին 6-7 տարիների ընթացքում ՀԷՑ-ը կորուստների կրճատմանն ուղղված աշխատանքներ չի իրականացրել, որովհետև փաստորեն կորուստների նվազեցում չի ունեցել»,- պատասխանեց նախարարը։

Այսքանից հետո Երվանդ Զախարյանին հարցրեցինք՝ իր կարծիքով, ընկերությունը կամ միգուցե հենց իր գլխավորած նախարարությունը ե՞րբ կդիմեն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ էլեկտրաէներգիայի սակագնի հերթական բարձրացման համար:

Նախարարը էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացումը կապեց նաև դրամի արժեզրկման հետ՝ տեղեկացնելով, որ Հայաստանում ամերիկյան դոլարի թանկացումը յուրաքանչյուր տասը դրամով էներգահամակարգի ընկերություններին տարեկան 410 միլիոն դրամի վնաս է պատճառում:

«Ընդհանրապես սակագների փոփոխությունները անխուսափելի են ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ այլ երկրներում։ Մեր շուրջը՝ ֆինանսական դաշտում կատարվող իրադարձությունները բավականին դինամիկ են։ Ես տարօրինակ չէի համարի, որ կազմակերպություններից որևէ մեկը ներկայացնի հաշվարկներ և առաջարկություններ սակագների վերանայման մասին։ Դա սպասելի է»,- ասաց Զախարյանը։

«Ինչո՞ւ պետք է Հայաստանի քաղաքացիները փոխհատուցեն ռուսաստանյան ընկերության վնասները և ինչպե՞ս է գնահատում այն հանգամանքը, որ օտար ընկերության վատ կառավարման պատճառով Հայաստանի քաղաքացիները պետք է ավելի շատ վճարեն էլեկտրաէներգիայի դիմաց»,- հարցրեցինք նախարարին:

«Բացասական եմ նայում։ Եվ դա է պատճառը, որ «Интер РАО ЕЭС» ընկերության հետ միասին ստեղծվել է աշխատանքային խումբ, կորուստների նվազեցման միջոցառումներ են մշակվել, ներկայացրել են ընկերությանը։ Կլինի միջոցառումների ծրագիր, որպեսզի հետագա տարիներին կարողանանք ինչպես ֆինանսական առողջացմանն ուղղված միջոցառումներ իրականացնել, այնպես էլ առաջարկություններ՝ կառավարման հետ կապված։ Ես չեմ կարող ասել, կփոխվի ընկերության ղեկավարը, թե՝ չէ, այն մեզ չի ենթարկվում, մեր ընկերությունը չէ», - պատասխանեց նախարարը։

Միաժամանակ, Զախարյանը հավելեց՝ նախագահ Սարգսյանը կառավարությանը հանձնարարել է «անել ամեն ինչ, և հավանաբար այդպես էլ կարվի, որ սակագների բարձրացման հետ կապված այս տարի մենք խնդիր չունենանք»:

«Որոտանի համալիրի վաճառքը հավանաբար կավարտվի մեկ ամսից»

Ասուլիսում նախարարը ևս մեկ ուշագրավ տեղեկություն փոխանցեց՝ Որոտանի համալիրի գործարքը հավանաբար կավարտվի մեկ ամսից։

«Բոլոր դեպքերում այն բոլոր հարցադրումները, որ եղել են կառավարության կողմից, գնորդի կողմից հիմնականում ընդունվել են և գործարքը ընթացքի մեջ է։ Հավանաբար մեկ ամսից այս գործարքի ավարտը կունենանք»,- ասաց Զախարյանը։