Հայկ Կյուրեղյանի գործով դատական նիստը հետաձգվեց․ Կյուրեղյանը ներկա չէր

Այսօր Հայկ Կյուրեղյանի գործով հերթական դատական նիստի մեկնարկին ակտիվիստ Վարդգես Գասպարին հրաժարվեց դատավորի ներս մտնելուն պես ոտքի կանգնել: Դատավոր Բեկթաշյանի հրահանգովդատական կարգադրիչները բռնի ուժով դահլիճից դուրս հանեցին Գասպարիին: Վերջինս, սակայն, կրկին ի նշան բողոքի պառկեց հատակին, այս անգամ՝ դատարանի միջանցքում:

«Դուք հարգելու բա՞ն եք, ձեր վճիռներից 51-ից 48-ը Եվրոպական դատարանը ապօրինի է ճանաչել, դուք դրանից պետք է ամաչեք, ոչ թե հարգանք ակնկալեք: Դուք միայն բիրտ ֆիզիկական ուժ և ոչ մի օրինական ուժ», - հայտարարեց Գասպարին:

Նախորդ նիստերի ընթացքում դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի՝ ոտքի չկանգնելու պատճառով այսօր դահլիճում չէր նաև ամբաստանյալ Հայկ Կյուրեղյանը:

Հանրային պաշտպան Անժելա Հոբոսյանը դատարանում ասաց, որ մինչև Հայկ Կյուրեղյանը դատարանում չհայտարարի, որ համաձայն է օգտվել իր ծառայություններից, ինքը չի կարող զբաղվել գործով: Դատավոր Բեկթաշյանը, սակայն, հակադարձեց՝ ամբաստանյալի ներկայությունը պարտադիր չէ, մինչդեռ փաստաբանի մասնակցությունը օրենքով պարտադիր է:

«Դուք մի օրենքին նայում եք, մյուսին չեք նայում, սա էլ նրա իրավունքն է, հիմա էստեղ կարևորը նրա իրավունքն է: Եթե համաձայնությունը չի տալիս, բայց պաշտպանի մասնակցությունը պարտադիր է, արդյոք հանրային նշանակված պաշտպանը կարող է մասնակցել դատական նիստին», - հարց բարձրացրեց Հոբոսյանը:

«Իհարկե այո, օրենքի պահանջներով, դուք պարտավոր եք մասնակցելու, որովհետև հանրային պաշտպան եք», - արձագանքեց դատավորը:

Դատավորը հետաձգեց նիստը՝ ժամանակ տալով որպեսզի հանրային պաշտպանը կալանավայրում հանդիպի Կյուրեղյանի հետ:

Դահլիճի ներսում ու դրսում նիստի ներկաները պարբերաբար ըմբոստանում էին, ու դատարանի նկատմամբ անվստահության կոչեր հնչեցնում:

Հիշեցնենք, որ անցած տարվա հունիսի 12-ին Շանթ Հարությունյանի և նրա ընկերների գործով դատավարության մեկնարկից առաջ դատարանի շենքի մոտ ի նշան բողոքի՝ օդամղիչ ատրճանակից Կյուրեղյանի արձակած կրակոցներից, ըստ մեղադրանքի, տուժել է 5 ոստիկան:

31-ամյա Կյուրեղյանին մի քանի մեղադրանք է առաջադրվել, որոնցից յուրաքանչյուրը նախատեսում է 4-7 և 5-10 տարվա ազատազրկում: