Ռուս զինվորականն ընդունել է հանցանքը

102-րդ ռազմակայանի ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի լուսանկարը ВКонтакте սոցիալական ցանցում

Հայաստանում ռուսական 102-րդ ռազմակայանի ռուս զինծառայող Վալերի Պերմյակովն ընդունել է իր կատարած հանցանքը, այսօր Գյումրիում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը։

Պողոսյանի փոխանցմամբ, իր ցուցմունքում ռուս զինվորականն ասել է, թե ռազմաբազան լքել է քաղաքում զբոսնելու պատրվակով և հայտնվել է Մյասնիկյան փողոցի թիվ 188 տանը։

Պերմյակովը ձերբակալված է և գտնվում է ռուսական 102-րդ ռազմաբազայում։ Այժմ ռուսական և հայկական կողմերը քննարկում են գործի վարույթն իրականացնելու հարցը։

Երեկ առավոտյան Գյումրիում սպանվել են Մյասնիկյան փողոցի թիվ 188 տանը բնակվող Ավետիսյանների ընտանիքի 6 անդամները, այդ թվում՝ մանկահասակ երեխա, ընտանիքից կենդանի է մնացել միայն մի քանի ամսական փոքրիկը, որը ծանր վիրավոր է: Հիմնական կասկածյալը Վալերի Պերմյակովն է, ով մինչ դեպքը փախուստի էր դիմել զորամասից: Անցած գիշեր հայտնի դարձավ, որ ռուս սահմանապահները հայ - թուրքական սահմանի մոտ հայտնաբերել և ձերբակալել են Պերմյակովին։

Սաթենիկ Կաղզվանցյան

Մանրամասները տե՛ս այստեղ: