Հունվարի 15-16-ը Փարիզ կմեկնի Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին, հաղորդումների համաձայն, իսլամիստ զինյալների վերջին հարձակումների շուրջ բանակցությունների անցկացնելու համար:
Ամերիկյան արտաքին գերատեսչության ղեկավարի այցի մասին հայտարարվում է այն ժամանակ, երբ ԱՄՆ-ի նախագահի վարչակազմը խիստ քննադատության է ենթարկվում Ֆրանսիայի մայրաքաղաքում երեկ կայացած միասնության երթին բարձրաստիճան պաշտոնյա չուղարկելու համար:
ԱՄՆ-ի պետքարտուղարի խոսքով, երբ տեղեկացել է երթի մասին, հարցրել է իր թիմին՝ ամենաշուտը ե՞րբ կարող է Փարիզում լինել: Քերրին ասել է՝ մեկնում է Փարիզ՝ փոխանցելու համերաշխությունը Ամերիկայի ամենավաղեմի դաշնակցին։
«Ֆրանսիայի հետ հարաբերությունները մեկ օրով կամ այս պահով չեն սահմանափակվում: Դրանք երկարաժամկետ հարաբերություններ են, որոնք խորապես կառուցված են ընդհանուր արժեքների վրա, մասնավորապես, մենք կիսում ենք արտահայտվելու ազատությունը»,- ասել է Միացյալ Նահանգների պետքարտուղարը։
Փարիզում Ջոն Քերրին կհանդիպի իր պաշտոնակից Լորան Ֆաբիուսին, կհարգի հունվարի 7-9-ը ահաբեկչական հարձակումների 17 զոհերի հիշատակը:
Փարիզի և Ֆրանսիայի այլ քաղաքների փողոցներ երեկ ավելի քան 4 միլիոն մարդ է դուրս եկել՝ մասնակցելու վերջին օրերին երկրում ծայր առած ահաբեկչական գործողությունների դեմ անցկացվող միասնության երթին:
Փարիզյան երթին ավելի քան 1 միլիոն մարդ է մասնակցել, նրանց թվում նաև աշխարհի 40-ից ավելի առաջնորդներ՝ նախագահ Օլանդի գլխավորությամբ: Գերակշռել են «Շառլի», «Ազատություն» վանկարկումները:
Հաղորդվում է, որ ժանդարմների շարասյանը հավաքվածները շատ ջերմ են ընդունել՝ ծափահարություններով և հիացական բացականչություններով: Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսի խոսքով՝ աննախադեպ երթն անկասկած հայտնվելու է պատմության դասագրքերում:
Հունվարի 7-ին Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները հրապարակած «Շառլի Էբդո» պարբերականի վրա հարձակման արդյունքում 12 մարդ զոհվեց: Ահաբեկչության կասկածյալները՝ Սաիդ և Շերիֆ Կուաշի եղբայրները 2 օր անց սպանվեցին Դամարտեն ան-Գոել քաղաքում՝ ոստիկանական օպերացիայի արդյունքում: Հրեական խանութում պատանդներ պահող և 4 անձի կյանք խլած Ամեդի Կուլիբալին ևս սպանվեց: Ենթադրաբար կին ոստիկանին սպանողը ևս Կուլիբալին էր:
«Շառլի Էբդո» պարբերականի վրա հարձակման, ինչպես նաև դրան հաջորդած՝ Փարիզի արևելյան արվարձանում ծավալված իրադարձությունների քննությունը շարունակվում է:
Կիրակի օրը ինտերնետում հայտնվել է հունվարի 9-ին հրեական խանութում ժամեր շարունակ պատանդներ պահող, խանութի գրավման ժամանակ 4 հոգու սպանած Ամեդի Կուլիբալիի տեսաձայնագրությունը, որտեղ նա հայտարարում է, թե գործել է «Իսլամական պետություն» կազմակերպության անունից և դրա հրահանգով: Ֆրանսիայի հատուկ ծառայությունները զբաղված են այդ ձայնագրության ուսումնասիրությամբ:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի գլխավորությամբ Փարիզում անցկացվել է անվտանգության հարցերով խորհրդակցություն: Որոշվել է հատուկ հսկողություն սահմանել մայրաքաղաքում: Պաշտպանության նախարար Ժան Իվ Լե-Դրիանը հայտնել է, որ 10 հազարից ավելի զինծառայողներ երկրով մեկ կմասնակցեն տարբեր հաստատությունների պահպանությանը, ևս 5000 ոստիկաններ կհսկեն 700 հրեական դպրոցները:
Հրեական խանութի վրա հարձակումը Ֆրանսիայի նախագահը հակահրեական գործողություն էր որակել:
Ֆրանսիացի բարձրաստիճան պաշտոնյաները, մասնավորաբար, վարչապետ Վալսն ընդունել է անվտանգության ծառայությունների «ակնհայտ բացթողումներն» այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ «Շառլի Էբդո»-ի վրա հարձակված Կուաշի եղբայրներն ու հրեական խանութի վրա հարձակում գործած Ամեդի Կուլիբալին հատուկ ծառայություններին անհայտ չեն եղել:
Նրանցից երկուսը ծայրահեղականության մեղադրանքով անգամ քրեական պատասխանատվության են ենթարկվել։ Իսլամիստ ահաբեկչի փախուստը բանտից կազմակերպած Կուլիբալին Կուաշի եղբայրներից մեկի հետ հենց բանտում է ծանոթացել: