Նոր տարվա առաջին աշխատանքային օրը մայրաքաղաքի մաքսատներում, մաքսային բրոքերների խոսքով, խառնաշփոթ էր տիրում:
Մեկ տարուց ավելի ԵՏՄ-ին անդամակցելու շուրջ բանակցող և 10 օր պաշտոնապես այդ միության լիիրավ անդամ Հայաստանում, ըստ էության, մաքսային կարգավորումներն այս պահին հստակ չեն գործում:
Բրոքերներից մեկը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ այսօր մաքսատանը անորոշ իրավիճակ է տիրում, քանի որ փոխոխության են ենթարկվել ներկրվող ապրանքների զգալի մասի կոդերն ու մաքսային դյուրքաչափերը:
Բեռնափոխադրումներ ու մաքսազերձում իրականացնող «Ապավեն» ընկերության տնօրեն Արսեն Ղազարյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ իրենց համար նույնպես նոր կարգավորումները դեռևս անորոշ են: Տարվա առաջին աշխատանքային օրվա ընթացքում ընկերությունը ապրանք չի մաքսազերծել:
ԵՏՄ-ում կիրառվող նոր մաքսային կարգավորումներին ծանոթ չեն նաև մաքսատան շատ աշխատակիցներ, ինչը լրացուցիչ դժվարություններ է ստեղծում մաքսատան համար, որտեղ բեռնատար ավտոմեքենաների մեծ կուտակում է առաջացել:
Նման իրավիճակի հիմնական մեղավորը, ըստ Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանի, Հայաստանի իշխանությունն է, որը պատշաճ կերպով իրազեկում չի իրականացրել, և գործարարներն այժմ ստիպված են իրենք ուսումնասիրել նոր կանոնադրությունը, ապրանքների ցանկն ու դրույքաչափերը:
«Այդ ցանկերից մեկը, օրինակ, 500 էջ է կազմում: Բրոքերները ճիշտ են ասում․ այդքան նյութերը մինչև նայեն այնտեղ՝ հազարավոր կոդեր, խմբաքանակներ և այլն: Մաքսատան աշխատողները մինչև դեկտեմբերի վերջը չգիտեին՝ ինչ-որ բան փոխվո՞ւմ է, թե՞ չի փոխվում», - «Ազատւթյան» հետ զրույցում ասաց Մակարյանը:
Ըստ Եվրասիական տնտեսական միության հիմնադիր պայմանագրի, Հայաստան ներկրվող ապրանքների մաքսավճարները այսուհետ ուղղվելու են միության ընդհանուր բյուջե, և Հայաստանը կստանա իր մասնաբաժինը՝ 1.3 տոկոսի չափով:
Տնտեսագետ Վահագն Խաչատրյանի պարզաբանմամբ՝ այս տարբերակով Հայաստանն իսկապես 100 միլիոն դոլարից ավելի լրացուցիչ գումար կստանա, սակայն դա ամենևին էլ միության անդամ երկրների, մասնավորապես, Ռուսաստանի մասնաբաժնի կրճատման հաշվին չի լինի․ - «Դա տեղի է ունեցել ի հաշիվ մաքսադրույքաչափերի ավելացման: Այսինքն, մեր Հայաստանի իշխանություններին էլ կարող էին քաղաքականությունը փոխել, մաքսադրույքաչափերն ավելանային, և դա գար մեր պետական բյուջե: Այսինքն, դա ինչ-որ առանձնահատուկ նվեր չէ»:
Խաչատրյանը նաև համոզված է, որ ո՛չ Ղազախստանը, ո՛չ Բելառուսը և ո՛չ էլ Ռուսաստանը Հայաստանի համար արտոնություններ չեն սահմանի ու չեն հետաձգի մաքսային նոր կարգավորումները․ - «Իրականում բոլորն էլ գիտեին, որ գալիս է 2015 թվականի հունվարի 2-ը, մենք պաշտոնապես անդամակցում են Եվրասիական տնտեսական միությանը, և արդեն այդ կարգը պիտի գործի: Այդ ամեն ինչը ցույց է տալիս, որ իսկապես մեր իշխանության ներկայացուցիչները լուրջ չեն վերաբերվում այս գործընթացին: Ես համոզված եմ, որ չեն հետաձգի, որովհետև դա ծիծաղելի է: Մենք ինչո՞ւ էինք դրա վրա հույս դնում, և ինչո՞ւ էինք մտածում, որ մեկը մեզ նվեր կանի․․․»:
Մաքսատներում տիրող իրավիճակի և նոր մաքսային կարգովորումների վերաբերյալ «Ազատության» հարցերին Ֆինանսների նախարարությունից այսօր չհաջողվեց պատասխան ստանալ․ համապատասխան կառույց մեր հեռախոսազանգերը մնացին անպատասխան: