Խորհրդակցություն նախագահականում՝ Գյումրիում տեղի ունեցած հանցագործության կապակցությամբ

Հետախուզվող Վալերի Պերմյակովի լուսանկարը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Գյումրիում տեղի ունեցած սահմռկեցուցիչ հանցագործության կապակցությամբ հրատապ սելեկտորային խորհրդակցություն է անցկացրել իրավապահ մարմինների ղեկավարների հետ։

Նախագահի լրատվական ծառայությունից փոխանցում են, որ Հայաստանում տեղակայված ռուսական զինվորական բազայի հրամանատարությունը լիարժեքորեն համագործակցում է Հայաստանի իրավապահ մարմինների հետ և գործուն օժանդակություն ցուցաբերում գործի քննությանը:

Սերժ Սարգսյանի հրավիրած խորհրդակցության ընթացքում շեշտվել է ամենակարճ ժամկետում հանցագործության մանրամասները պարզելու, մեղավորներին հայտնաբերելու և օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկելու կարևորությունը:

Գյումրիում այսօր սպանվել են Մյասնիկյան փողոցի տներից մեկում բնակվող Սերյոժա Ավետիսյանի ընտանիքի վեց անդամները: Ինչպես փոխանցում են Քննչական կոմիտեից, հիմնական կասկածյալը Հայաստանում ռուսական 102-րդ ռազմակայանի ռուս զինծառայող Վալերի Պավլովիչ Պերմյակովն է, ով այսօր մինչ դեպքը փախուստի էր դիմել զորամասից: Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել։

«Այժմ կատարվում են անհրաժեշտ բոլոր քայլերն այդ բարբարոսությունն իրականացրած հանցագործին հայտնաբերելու ուղղությամբ, որոնք գտնվում են Հանրապետության Նախագահի անմիջական վերահսկողության ներքո»,- ասված է պաշտոնական հաղորդագրությունում։