Ըստ հաղորդագրության, Ջրաբերդի և Ակնայի ուղղություններով իրականացված հարձակումները հայ դիրքապահները ժամանակին նկատել են և կանխարգելիչ գործողությունների արդյունքում դիվերսանտներին հետ են շպրտել ելման դիրքեր։
Այս գիշեր ադրբեջանական կողմը օգտագործել է նաև անօդաչու թռչող սարքեր։ Ղարաբաղյան կողմը կորուստներ չի ունեցել, Ադրբեջանի կորուստների մասին դեռ չի հաղորդվում։
Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ, երեկ դիվերսիոն հարձակում է եղել նաև Տավուշի մարզի Բաղանիս գյուղի ուղղությամբ։ Դիվերսանտները 80-ամյա ծերունու են սպանել։
Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը «Ազատությանը» պատմեց, որ ադրբեջանցիները հասել են մինչև Երևան - Թբիլիսի միջպետական ճանապարհ, որտեղ հայկական զինված ուժերը նրանց դարանակալել են, ադրբեջանցիներն էլ փախուստի ճանապարհին հանդիպել են ծերունի հովվին։
«Այդտեղ իր ոչխարի հոտն էր պահում ու պատահական հանդիպել է դիվերսանտներին, կրակոցով սպանել են»,- ասաց Սահակյանը։
Սպանվածը Ոսկևանի բնակիչ Սերյոժա Սարգսյանն է։ Ոսկևանի գյուղապետ Սերյոժա Ալեքսանյանի խոսքով՝ ծերունի հովիվը 6 հոգանոց ընտանիքի հայր էր։
«Գլխից էին կրակել»,- ասաց գյուղապետը։
Սպանվածի համագյուղացիները «Ազատության» հետ զրույցում պատմեցին, որ միջադեպից անմիջապես հետո ադրբեջանական կողմը սկսել է գնդակոծել հայկական դիրքերը։
«Ժամը 5-ից մինչև 11-ը, 12-ը կրակեցին»,- ասաց ոսկևանցիներից մեկը։
Հարձակման արդյունքում, ըստ հայկական կողմի, ադրբեջանցիները մեկ զոհ են տվել: Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ազատությանը» տեղեկացրեց, որ միջազգային մարդասիրական նորմերից ելնելով թույլատրել են միջդիրքային գոտուց հանել սպանված ադրբեջանցու դիակը:
Ադրբեջանական կողմը շարունակում է հերքել դիվերսիաների մասին տեղեկությունները։ Շփման գծի վերջին միջադեպերից հետո Երևան - Թբիլիսի միջպետական ճանապարհի Բաղանիսի հատվածը փակ է։
Կիրակի օրը ինտենսիվ կրակահերթի է ենթարկվել նաև Տավուշի մարզի Բերքաբեր գյուղը։ Շատերը լքել են իրենց բնակավայրը։ Բերքաբերցի Թամարա Բադալյանը պատմեց, որ ադրբեջանական կողմից կրակել են տների ուղղությամբ.- «Ժողովուրդը ամբողջ գիշեր նկուղում մոմի լույսի տակ նստել է։ Նույնիսկ վախեցանք, որ լույսերը վառենք»։
Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ազատությանը» փոխանցեց, որ հայկական կողմը միջադեպերի մասին տեղեկացրել է մի շարք միջազգային կառույցների։
Վերլուծելով վերջին օրերին տեղի ունեցած դիվերսիոն գործողությունները՝ Հայաստանի պաշտպանության նախարարությունում սահմանների պաշտպանությունն ուժեղացնելու համար 7-կետանոց հրաման է կազմվել։
Այսօր նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ հատուկ պարապմունքներ են անցկացվելու զինծառայողների մարտունակությունը բարձրացնելու համար։
Ավելին, ըստ նախարարի, այսուհետ նաև հայկական կողմը պետք է որոշ դեպքերում նախահարձակ լինի՝ չսպասելով հակառակորդի գործողություններին։
«Մենք պետք է ունենանք կանոնավոր գործելու ընդունակություններ. պատրաստի հակահարվածները ու պատժիչ միջոցները մշտապես պետք է մեր ձեռքում լինեն», - հայտարարել է Սեյրան Օհանյանը։
Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ կատարվածի ողջ պատասխանատվությունը մնում է ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության վրա: