Դիվերսիայի կասեցված փորձեր նաև ղարաբաղա - ադրբեջանական շփման գծում

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողները դիրքերում, արխիվ

Երեկ ժամը 23-ի սահմաններում Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և արևելյան (Ակնա) ուղղություններով արձանագրվել են հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբերի ներթափանցման փորձեր, քիչ առաջ փոխանցեց Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

«Երկու ուղղությամբ էլ, Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները, ժամանակին հավաստանշելով ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, դիմել են կանխարգելիչ գործողությունների և նրանց հետ շպրտել ելման դիրքեր: Հակառակորդի կրած կորուստները ճշտվում են», - ասված է հաղորդագրությունում:

Ըստ նույն աղբյուրի՝ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների ժամանակ կորուստներ չեն ունեցել:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն