ՊՆ․ Կանխվել է Ադրբեջանի դիվերսիոն ներթափանցման փորձը Տավուշում

Այսօր ժամը 17:30 ի սահմաններում Ադրբեջանը դիվերսիոն ներթափանցման փորձ է ձեռնարկել Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանի Բաղանիս գյուղի հատվածում, տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում:

«Հակառակորդի ստորաբաժանումների առաջխաղացումը ժամանակին հայտնաբերվել է: Հայկական բանակի արագ արձագանքման համապատասխան ստորաբաժանումը դարանակալել է և ՀՀ պետական սահմանը խախտած դիվերսիոն խմբի գործողությունները չեզոքացրել է: Հակառակորդի դիվերսիոն խմբի մեկ անդամի դիակը գտնվում է միջդիրքային տարածքում: Ցավոք փոխհրաձգության ընթացքում զոհվել է նաև տարածքում գտնվող հովիվ Սերյոժա Նիկոլայի Սարգսյանը ծնված 1935 թ: ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները լիովին տիրապետում են իրավիճակին: Կատարվածի ողջ պատասխանատվությունը մնում է ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության վրա», - տեղեկացնում է նա:

Ավելի վաղ «Առավոտ» օրաթերթը տեղեկացրել էր, որ ժամը 17-ի սահմաններում զոհվել է Ոսկեվան գյուղի բնակիչ, 1935թ. ծնված Հրանտ Սարգսյանը, որն այսօր հովվություն էր անում: