EUobserver. Ժողովրդավարական առաջընթացն անորոշ է ԵՄ ասոցացումը մերժած երկրներում

ԵՏՄ առաջնորդները և Տաջիկստանի նախագահը Մոսկվայում, 23-ը դեկտեմբերի, 2014

EUobserver ինտերնետային պարբերականի մեկնաբանի կարծիքով՝ մեկ հայացքն էլ բավական է տեսնելու համար, որ Արևելյան գործընկերության երկրներում՝ Վրաստանում, Մոլդովայում, Ուկրաինայում, Հայաստանում, Ադրբեջանում և Բելառուսում ժողովրդավարության առաջընթացն անհավասար է եղել:

Հոդվածագիրը, նախորդ մի քանի տարիների միտումները դիտարկելով, տարածաշրջանի վեց երկրները բաժանել է երկու խմբի: Անցած ամռանը Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրած Մոլդովան, Վրաստանն ու Ուկրաինան ժողովրդավարության առավել բարձր ցուցանիշներ ունեն, քան Հայաստանը, Բելառուսն ու Ադրբեջանը:

Վեցնյակում անհերքելի առաջատարը, EUobserver-ի կարծիքով, Մոլդովան է, որն աչքի է ընկել թե ընտրություններում, թե քաղաքական ազատությունների հարցում, և թե մարդու իրավունքների պաշտպանության ասպարեզում ցուցադրած առավել լավ արդյունքներով: Այնուհետև Վրաստանն ու Ուկրաինան են:

Հայաստանին վերլուծության հեղինակն անդրադառնում է 4-րդը: 2008-ին Հայաստանը տեսավ ընտրությունների ենթադրյալ խախտումների դեմ պայքարող խաղաղ ցուցարարների դեմ դաժան վերաբերմունք, այնուհանդերձ, դրանից հետո թե ընտրական գործընթացներում, թե մամուլի ազատության հարցում, հեղինակի կարծիքով, առաջընթաց արձանագրվել է: Հայաստանին հաջողվել է նաև դատական համակարգում իրականացնել որոշակի բարեփոխումներ, կոռուպցիայի դեմ պայքարել և բարելավել հանրային կառավարմը:

Հայաստանը մինչև 2013 թվականի սեպտեմբերն ակտիվորեն վարում էր Եվրամիության հետ մերձեցման քաղաքականություն, մինչև նախագահ Սերժ Սարգսյանը չհայտարարեց, թե պաշտոնական Բրյուսելի հետ կապերի սերտացումն այլևս իր օրակարգում չէ: Անցած տարվա հոկտեմբերին Հայաստանը դարձավ Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը միավորող Եվրասիական տնտեսական միության անդամ, արձանագրել է EUobserver-ը:

Ադրբեջանն ու Բելառուսը մնում են խիստ ավտորիտար երկրներ, որտեղ ճնշվում են մարդու իրավունքներն ու քաղաքական ազատությունները: Որոշ գնահատականների համաձայն, Ադրբեջանում շուրջ 142 քաղբանտարկյալներ կան: Ըստ EUobserver-ի, թերևս այն պատճառով, որ լինելով նավթ և գազ արտահանող երկիր՝ Ադրբեջանը կարողանում իրեն թույլ տալ անտեսել Արևմուտքից հնչող քննադատությունը: Եվ մինչ Բելառուսի համար ԵՄ-ի պատժամիջոցներն առարկայական են, Ադրբեջանը վայելում է ԵՄ-ի հետ էներգետիկայի ոլորտում ունեցած զգալի համագործակցությունը: Այհնուհանդերձ, պարբերականի գնահատմամբ, պաշտոնական Բրյուսելի ազդեցության լծակներն այս երկրներում սահմանափակ են, ուստի ժողովրդավարության հեռանկարներն էլ մնում են մշուշոտ:

Երկրներում, որտեղ ռեժիմների գոյատևումը վտանգված է, ժողովրդավարությունը հաջողության հնարավորություն չունի: Ադրբեջանը, Բելառուսը, Հայաստանը և Յանուկովիչի կառավարման օրոք նաև Ուկրաինան սա հստակ ցույց են տալիս: Քաղաքական մթնոլորտի ազատականացումը կխաթարի ռեժիմի հենասյուները: Ասոցացման համաձայնագրերը հոդվածագիրը համարել է Արևելյան գործընկերության երկրներում բարեփոխումները խթանելու յուրօրինակ գոծիք:

Վրաստանը, Մոլդովան և հետմայդանյան Ուկրաինան ընտրել են փոփոխությունների ճանապարհը։ Այդ տեսանկյունից ջրբաժանը, հեղինակի կանխատեսմամբ, Ասոցացման համաձայնագիրը ստորագրած երեք երկրների և մյուս երեքի, որոնք նախընտրեցին այլ համաձայնագիր ստորագրել, կարող է ժամանակի ընթացքում միայն խորանալ: