Օքսֆորդում փորձարկում են էբոլայի դեմ պատվաստանյութը

Էբոլայի դեմ պատվաստումներ Մալիում, հոկտեմբեր, 2014թ․

Զուգահեռաբար նախատեսված է փորձարկումներ սկսել Միացյալ Նահանգներում և աֆրիկյան երկրներում:

Օքսֆորդի համալսարանի գիտնականները սկսել են էբոլայի դեմ փորձնական ներարկումները: Նրանք վստահ են՝ պատվաստանյութը ստանալուց հետո մարդիկ չեն վարակվի էբոլայի վիրուսով:

Մահացու հիվանդության դեմ դեղամիջոցի արդյունավետության փորձաշրջանին ներգրավվել է 18-50 տարեկան 72 մարդ: Օքսֆորդի համալսարանում գիտափորձերում ներգրավված կամավորականներն առաջին անգամ են պատվաստում ստանում էբոլայի վիրուսի դեմ:

Johnson and Johnson ընկերության Janssen մասնաճյուղում պատվաստանյութը նախ ներարկել են կապիկներին: BBC-ի փոխանցմամբ` գիտնականները հավաստիացրել են, որ կապիկների դեպքում ներարկումներն ամբողջությամբ պաշտպանում են վիրուսից:

Օքսֆորդի համալսարանի պատվաստումների մասնագետ, բժիշկ Մեթյու Սնեյփը հույս է հայտնել, որ մեկ ամսում հնարավոր կլինի պատվաստել փորձարկմանը ներգրավված բոլոր մասնակիցներին:

«Գլխավոր նպատակն է՝ հասկանալ, թե պատվաստումը որքանով է անվտանգ», - ասել է բժիշկը:

Բժշկի փոխանցմամբ, առաջին ներարկումից մեկ-երկու ամիս անց կամավորականները կստանան պատվաստման լրացուցիչ չափաբաժին:

Զուգահեռաբար նախատեսված է փորձարկումներ սկսել Միացյալ Նահանգներում և աֆրիկյան երկրներում:

Առաջին չափաբաժինը նախատեսվում է կիրառել դիմադրողականության նախապատրաստման, երկրորդը՝ ամրապնդման համար:

Գիտնականները նշում են, որ պատվաստանյութի ազդեցությունը պահանջում է մեկ տարվա մանրազնին ուսումնասիրություն:

«Թայմս» ամսագիրն անցյալ տարվա մարդ է ճանաչել էբոլայի վիրուսի դեմ պայքարող բժշկին՝ այդ պատվին արժանացել է լիբերիացի Ջերի Բրաունը:

Էբոլա համաճարակի դեմ պայքարելու համար Միացյալ Նահանգները հատկացրել է լրացուցիչ 6 միլիարդ 100 միլիոն դոլար:

Բժիշկների գնահատմամբ, առավել ծանր իրավիճակ է Արևմտյան Աֆրիկայում` Գվինեայում, Լիբերիայում և Սիերա Լեոնեում։

2014-ի մարտին Առողջապահության համաշխարհային կազմակերպության աֆրիկյան տարածքային գրասենյակը հաստատեց Գվինեայում էբոլայի վիրուսի մասին տեղեկությունները:

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության` անցած տարեվերջի տվյալների, էբոլայից մահացել է մոտ 8 հազար մարդ, էբոլայով վարակվածների թիվը հատել է 20 հազարը։